Последние новости

Երևանի մետրոպոլիտենում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արդեն մեկ շաբաթ է՝ մետրոյի բոլոր կայարաններում և վագոններում ուղևորներին բարձրախոսով տեղեկացվում է, որ ուշադիր լինեն անձնական իրերի նկատմամբ և կասկածելի իր նկատելու դեպքում տեղեկացնեն կայարանի հերթապահին կամ էլ մեքենավարին։ Կասկածելի իր նկատելու և այդ մասին համապատասխան աշխատակիցներին զգուշացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է հնարավոր վտանգի կանխարգելիչ գործողություններով։

 


«Ազգային անվտանգության մարմինների կողմից մշտապես իրականացվում են կանխարգելիչ գործողություններ, որոնց շրջանակներում նախատեսվել է Երևանի մետրոպոլիտենում հնչեցնել եռալեզու հայտարարություն։ Պետք է կայարաններում կամ վագոններում հնչեն այնպիսի հայտարարություններ, որոնք կբարձրացնեն ուղևորների զգոնության մակարդակը»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը։

Այս ընթացքում կասկածելի իրեր հայտնաբերելու դեպքեր դեռ չեն արձանագրվել։ Բարեկամության կայարանի կենտրոնացված կետի հերթապահ Լուսինե Կակոսյանի խոսքով՝ ուղևորներին դուր է եկել զգուշացնող հայտարարությունները։

Վերջին շրջանում մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքեր տեղադրելու մասին կեղծ ահազանգերով պայմանավորված, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում ուժեղացված ծառայություն է իրականացնում նաև ոստիկանությունը։ Օրինակ, եթե քաղաքացու ձեռքին մեծ պայուսակ է լինում, ապա ոստիկանը մետաղորսիչ սարքով ստուգում է այն կամ էլ քաղաքացուց պահանջում է ցույց տալ պայուսակի պարունակությունը, կասկածելի ոչ մի իր չհայտնաբերելուց հետո միայն քաղաքացիները կարող են մետրոյից օգտվել։

Քաղաքացիներից շատերը անհրաժեշտ են համարում նման միջոցառումները, հատկապես վերջին շրջանում մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքեր տեղադրելու մասին կեղծ ահազանգերից հետո։

«Վախ չունեի, որովհետև կասկածելի բան չկար պայուսակիս մեջ»,– մեզ հետ զրույցում ասաց երիտասարդ տղան, որի ձեռքին մեծ պայուսակ նկատելով, ոստիկանները մետաղորսիչ սարքով ստուգեցին նրա պայուսակը։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանների կողմից վերջին շրջանում իրականացվող ուժեղացված ծառայության ընթացքում արգելված իրեր, օրինակ, սառը զենք, դյուրավառ կամ հրավտանգ նյութեր մինչ այս պահը չի հայտնաբերվել։

Մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքեր տեղադրելու վերաբերյալ կեղծ ահազանգերից հետո, ըստ Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղարի՝ ուղևորահոսքի նվազում չի եղել։

«Երեկվա տվյալով ունեցել ենք 67 000 ուղևոր, սա չի ենթադրում ուղևորահոսքի նվազում, որովհետև այս ժամանակահատվածում փակ են ուսումնական հաստատությունները, արձակուրդային շրջան է»,– ասաց Խաչատրյանը։

Մետրոյում պայթուցիկ սարքերի մասին հաճախակիացած դարձած կեղծ ահազանգերը ընդհանուր առմամբ քաղաքացիներին չեն ստիպում հրաժարվել մետրոյով երթևեկելու սովորությունից, բայց և այնպես հիմա ավելի զգոն են և կողմ են ձեռնարկած կանխարգելիչ միջոցոռւմներին։

Հիշեցնենք, որ Երևանի մետրոպոլիտենը տևական ժամանակ է՝ տնօրեն չունի. երեք տարի աշխատելուց հետո այս տարվա հունիսին Գևորգ Ավետիսյանը տնօրենի պաշտոնակատարի լիազորությունները դադարեցնելու որոշում է կայացրել, ինչից հետո նոր պաշտոնակատար է նշանակվել Սահակ Վարդանյանը, որը պաշտոնավարել է երկու ամիս և մի քանի օր առաջ էլ նոր պաշտոնակատար նշանակվեց Բաբկեն Սեդրակյանը։

Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղարը վստահեցնում է՝ մետրոպոլիտենի կառավարման արդյունավետության վրա ղեկավարի պարբերական փոփոխությունները բացասական ազդեցություն չեն ունենում։ Թեև, օրինակ, վերջին երկու տնօրենի պաշտոնակատարները մետրոպոլիտենում երբևէ չեն աշխատել, սակայն մետրոպոլիտենից վստահեցնում են, որ կառավարման համակարգում երկար տարիների փորձ ունեցողները հմուտ մասնագետների շնորհիվ կարող են կառավարել Երևանի մետրոպոլիտենը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ