Последние новости

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ «ՍՈՒՐՄԱԼՈՒ»-Ի ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԻ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԸ ՉԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՄԲ

«Սուրմալու» առևտրային կենտրոնում տեղի ունեցած պայթյունի արդյունքում մահացածների ժառանգներին, ինչպես նաև նյութական վնաս կրած կազմակերպություններին պատճառված վնասի հատուցման հարցը չի սահմանափակվում ապահովագրությամբ, և անհիմն է հարցին միայն այդ ասպեկտով անդրադառնալ և հայտարարել, որ Կառավարությունը չի կարող ապահովագրական ընկերությունների փոխարեն ստանձնել փոխհատուցման պարտավորություն։ News.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը՝ անդրադառնալով այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը։

«Դեպքի հանգամանքներին անհրաժեշտ խորությամբ դեռևս որևէ մեկը ծանոթ չէ, ընթանում է քննություն, ուստի միակողմանի ու սպառիչ ենթադրությունների տեղն ու ժամանակը չէ։ Վերջին հաշվով, դեռ պետք է հստակ պարզվի, թե որքանո՞վ է դեպքն առնչվում տեսչական վերահսկողություն իրականացնող իրավասու մարմինների կողմից հնարավոր ոչ իրավաչափ վարչարարության հետ։ Մասնավորապես, եթե պարզվի, որ սահմանված կարգով չեն արձանագրվել պայթյունի պատճառ հանդիսացած հանգամանքները, կամ խախտումների բայացահայտումից հետո սահմանված կարգով դրանց կանխարգելիչ արձագանք չի եղել և այլն, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել անասելի կորստաբեր դեպքը, ապա վնասների հատուցումը կվերաբերի հենց պետական բյուջեին, ոչ թե ապահովագրական ընկերություններին։ Իսկ պետական իրավասու մարմինները կարող են հետադարձ հայցային պահանջ ներկայացնել դիտավորությամբ կամ անփութությամբ խախտում թույլ տված պաշտոնյաների դեմ»,– ասաց Գևորգ Դանիելյանը։

Նրա խոսքով, հիշյալ հարաբերությունները կարգավորված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 95-108-րդ հոդվածներով։

Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ եթե «Սուրմալու»–ում աշխատող առևտրականներն ապահովագրեին իրենց գույքը, ապա կստանային անհրաժեշտ փոխհատուցումը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ