Последние новости

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի Հայաստանում

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի անդամները Չոլպոն-Աթայում այսօր ստորագրել են մի շարք փաստաթղթեր։ Դրանց թվում նաև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը հոկտեմբերի 20-21-ը Հայաստանում անցկացնելու որոշումն է։

Ստորագրված փաստաթղթերի շարքում են նաև «Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական համագործակցության ֆինանսավորման մասին» հրամանը, Եվրասիական վերաապահովագրական ընկերության ստեղծման մասին համաձայնագիրը, ԵԱՏՄ-ում ալկոհոլի շուկայի կարգավորման մասին կարգադրությունը։

Ստորագրվել է նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տրանսպորտի ոլորտում առաջնահերթ ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկ և մի շարք այլ նախագծեր:

Նշենք, որ Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում անցկացված միջկառավարական նիստը վարել է Ղրղզստանի Նախարարների կաբինետի ղեկավար Ակըլբեկ Ժապարովը։ Մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։

Հանդիպմանը որպես հյուր մասնակցել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, իսկ դիտորդի կարգավիճակով՝ Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովը։

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ