Последние новости

Սահմանապահները Հայաստանում ՀԱՊԿ առաքելության խմբին ներկայացրել են ընթացիկ իրավիճակը

Ռուս սահմանապահներն այսօր Հայաստանում ՀԱՊԿ առաքելության օպերատիվ խմբին ներկայացրել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնել է խմբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

«Մենք ստացել ենք իրավիճակի պատկերը և օպերատիվ տեղեկատվություն մեր սահմանապահներից, որոնք ծառայություն են իրականացնում նաև սահմանին և մասնակցում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի առանձին հատվածների պահպանությանը»,-ասել է նա Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ Ռոման Գոլուբիցկու հետ աշխատանքային հանդիպման ավարտին:

Սեպտեմբերի 13–ին ՀԱՊԿ-ը որոշել էր Հայաստան ուղարկել կազմակերպության առաքելությունը՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, ինչպես նաև ստեղծել աշխատանքային խումբ ՀԱՊԿ-ի քարտուղարության աշխատակիցներից ու միացյալ շտաբի զինծառայողներից՝ պատասխանատվության գոտում իրավիճակի մշտական մոնիթորինգի համար:

ՀԱՊԿ առաքելության առաջատար խումբը գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի ղեկավարությամբ Հայաստան է ժամանել երեկ` սեպտեմբերի 16–ին: Ժամանելուն պես Սիդորովը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում է ունեցել, որի ժամանակ քննարկվել է Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը:

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչությունը ծառայություն է իրականացնում «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» 1992 թվականի սեպտեմբերի 30-ի պայմանագրին համապատասխան:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ