ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան․ Կրկնում ենք մեր կոչն Ադրբեջանին՝ զինված ուժերը վերադարձնել ելման դիրքեր
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարպենտերը ելույթ է ունեցել Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի և բանակցային գործընթացի կապակցությամբ:
«Միացյալ Նահանգները շարունակում է խորապես ներգրավված լինել՝ օգնելով Հայաստանին և Ադրբեջանին աշխատել համապարփակ խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը սեպտեմբերի 27-ին Սպիտակ տանը հանդիպել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի և Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ՝ խաղաղ գործընթացն առաջ մղելու նպատակով։
Հոկտեմբերի 4-ին պետքարտուղար Բլինքենը եռակողմ զրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ, որի ընթացքում նա խրախուսել է վստահության ձևավորումն ու հետագա առաջընթացը նրանց բանակցություններում։ Պետքարտուղար Բլինքենը նաև մեր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից կայուն խաղաղության համաձայնության հասնելու ուղղությամբ ձեռնարկված դրական քայլերին, ինչպես նաև Ադրբեջանից Հայաստան 17 ռազմագերիների վերադարձին։
Մենք շարունակում ենք խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ լուծելու չլուծված խնդիրները։ Առանց հաշտեցման չի լինի տևական խաղաղություն, և դիվանագիտությունն այդ նպատակին հասնելու միակ ճանապարհն է։
Անցյալ շաբաթ սոցիալական ցանցերի ալիքներում հայտնված սարսափելի տեսանյութը, որը ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը գնդակահարում անզեն հայ գերիներին, պետք է ամբողջությամբ և անաչառ հետաքննվի: Ձերբակալվածների նկատմամբ ցանկացած դաժանություն կիրառած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Մենք ի գիտություն ենք ընդունում Ադրբեջանի գլխավոր դատախազի սկսած հետաքննությունը և հիշեցնում ենք կողմերին՝ կատարել իրենց պարտավորությունները՝ արագ վերադարձնել բոլոր ռազմագերիներին և նման գերիների հետ վարվել իրենց միջազգային պարտավորություններին համապատասխան։
Սեպտեմբերի 13-ին և 14-ին, այնուհետև սեպտեմբերի 28-ին հրադադարի ռեժիմի վերջին խախտումները լուրջ մտահոգել են Միացյալ Նահանգներին։ ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում խստորեն հետևել հրադադարի կայուն ռեժիմին, իրենց զինված ուժերը հետ քաշել և պահել որոշակի հեռավորության վրա, շարունակել բանակցությունները սահմանազատման շուրջ՝ հաջակցություն խաղաղ կարգավորման: Մենք կրկնում ենք մեր կոչն Ադրբեջանին՝ զինված ուժերը վերադարձնել ելման դիրքեր՝ մինչև սեպտեմբերի 12-ի գիշերը մարտական գործողությունների սկսվելը։ Սահմանային վեճերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, այլ ոչ թե բռնության։
Անցած շաբաթ հայ զինվորների և ցամաքային ականներից՝ Ադրբեջանի խաղաղ բնակիչների մահը պարզ և միաժամանակ ողբերգական կերպով ցույց է տալիս այդ հակամարտության մարդկային հետևանքները:
Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է վստահության ամրապնդման և հակամարտությունների կանխարգելման հարցում ԵԱՀԿ-ի միջոցների ակտիվացմանը, ներառյալ՝ Հայաստանի խնդրանքով փաստահավաք առաքելության ստեղծումը: Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հրատապ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու, վստահության ամրապնդման և միջազգային պարտավորությունները կատարելու ուղղությամբ:
Խրախուսում ենք հետագա առաջընթացը անհայտ կորածների խնդրի լուծման և մնացած բոլոր ռազմագերիների վերադարձի հարցում։ Միացյալ Նահանգներն աջակցում է համապարփակ խաղաղ գործընթացին և հանձնառու է աշխատել երկկողմանի՝ Եվրամիության նման գործընկերների հետ և միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին ԵԱՀԿ-ն է»,- ասված է դեսպան Քարպենտերի հայտարարությունում:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 17:05
В Следственном комитете Армении завершено предварительное следствие по уголовному делу в отношении главы Шитракской епархии Армянской Апостольской церкви (ААЦ) Микаэла Аджапахяна.
-
2025-07-28 17:04
«Два человека позволили себе человеческую подлость», – заявил российский журналист и телеведущий Владимир Соловьев в ходе прямого эфира программы «Вечер с Владимиром Соловьевым» на телеканале «Россия 1», комментируя визит бывшего заместителя гендиректора ТАСС Михаила Гусмана и политолога Сергея Маркова в оккупированный Баку арцахский Шуши.
-
2025-07-28 17:02
Если я увижу, что нет подходящего кандидата в премьер-министры Армении, и народ доверится мне и потребует взять управление страной, то я готов служить своей стране, я могу это сделать. Об этом на встрече с журналистами по случаю 100 дней нахождения в должности 28 июля заявил мэр Гюмри Вардан Гукасян.
-
2025-07-28 17:00
Выступление американского певца Джастина Тимберлейка в столице Азербайджана вызвало резонанс среди представителей армянской Диаспоры США, сообщил Армянский национальный комитет Америки (ANCA).