Последние новости

Ռեշետնիկով․ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 60 տոկոսով

Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի առաջին ութ ամիսներին աճել է ևս 60 տոկոսով։ Այս մասին ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը՝ ելույթ ունենալով «Ինտելեկտուալ հարթակ» քննարկման ընթացքում, որը կազմակերպել է Հայաստանի Ռազմավարական զարգացման կենտրոնը։ Նրա խոսքով՝ Հայաստանի ապրանքաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը մեկ երրորդն է կազմում։

«Հունվար-հուլիսին դրամական փոխանցումների ցուցանիշներն աճել են մինչև 2,4 մլրդ դոլար: Դա հինգ անգամ ավելի է, քան նախորդ տարի: Մենք հասկանում ենք, որ Հայաստանն այստեղ տնտեսության և ապրանքային հոսքերի, ծառայությունների վերաձևակերպման շահառուներից մեկն է»,-ասել է Ռուսաստանի Էկոնոմիկայի և զարգացման նախարարության ղեկավարը։

Ռեշետնիկովն ընդգծել է, որ այս հանգամանքը պետք է առավելագույնս օգտագործել արդյունաբերական կոոպերացիայի զարգացման գործում։ Եվ արդեն կան հաջող օրինակներ` էներգետիկայի, ֆինանսների, հանքարդյունաբերության և վերամշակման, դեղագործության, մեքենաշինության, մետալուրգիայի, լոգիստիկայի ոլորտներում:

Նախատեսվում է մի շարք ռուսական ընկերությունների մասնակցությունը Լոռու մարզում խոշոր անասնաբուծական համալիրի կառուցմանը, Երևանի մետրոյի զարգացմանը։

«Պղնձաձուլարանի վերաբերյալ նույնպես հեռանկարներ կան, կան կոնկրետ առաջարկներ ոսկու կոմբինատի զարգացման վերաբերյալ»,-ասել է Ռեշետնիկովը:

Նրա խոսքով՝ քննարկվում է նաև Հայաստանում ռուսական սարքավորումների օգտագործմամբ շինանյութի արտադրության համատեղ ձեռնարկության ստեղծման, դեղագործական նյութերի արտադրության հաստատման նախագիծը: Անհրաժեշտ է նաև ամրապնդել կապերը Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների միջև։

ՌԴ նախարարը նշել է նաև, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները նոր հնարավորություններ են բացում գործընկեր երկրների բիզնեսի համար։

«Ռուսական շուկայից մի շարք օտարերկրյա ընկերությունների հեռանալը, արտահանման-ներմուծման վերակողմնորոշումը, լոգիստիկայի և տրանսպորտային ուղիների վերաձևակերպումը բազմաթիվ հեռանկարային ոլորտներ ազատեցին, որտեղ նախկինում դժվար էր հայտնվել` բարձր մրցակցության պատճառով։ Հիմա այդ ոլորտներն ազատվում են, պահանջարկը գերազանցում է առաջարկը, և մենք ուրախ կլինենք տեսնել Հայաստանի գործարարներին»,-ասել է նախարարը։

Մաքսիմ Ռեշետնիկովն ընդգծել է, որ երկկողմ հարաբերություններում Ռուսաստանն ու Հայաստանը ամուր բազա են մշակել։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ