Последние новости

«Պաշտպան հայրենյաց». ժամկետային ծառայությունը բանակում կարող է փոխվել պայմանագրայինի

2023թ–ից ՀՀ Զինված ուժերում կներդրվի «Պաշտպան հայրենյաց» նոր ծրագիր։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` ներկայացնելով նոր ծրագրի էությունը։

«Ծրագիրը նախատեսում է շարքային զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն` ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի»,– ասաց Պապիկյանը։

Ծառայությունն ավարտելուց կամ առողջության հիմքով դրանից վաղաժամկետ ազատվելու դեպքում զինծառայողները կստանան պատվովճար 5 մլն դրամի չափով։

Ցանկացողները իրավունք կստանան ատեստավորում անցնելու հնարավորություն` հավելավճարի բարձրացմամբ։

«Պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում ծառայության ժամկետը չի հաշվարկվելու որպես ժամկետային զինծառայություն, ու զինծառայողն ուղարկվելու է պարտադիր զինծառայության` լրացնելու ժամկետային զինծառայության չծառայած մասը»,– ասաց պաշտպանության նախարարը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծի քննարկման ժամանակ ընդգծեց, որ սա հերթական քայլն է պրոֆեսիոնալ բանակի ձևավորման ճանապարհին։

Ծրագիրն ԱԺ–ում հաստատվելուց հետո կներառվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։ Դրա ընդունումը կառավարությունը համարել է անհետաձգելի, ինչը ենթադրում է, որ 2023թ–ից այն արդեն կմտնի ուժի մեջ։ Եվս 3 ամիս է սահմանված ենթաօրենսդրական ակտերի համապատասխանեցման համար։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ