Последние новости

Փրկության միջազգային կոմիտե․ Ուկրաինական ցորենի շրջափակումը կարող է հանգեցնել աղետի

Փրկության միջազգային կոմիտեն (IRC) նախազգուշացրել է Ռուսաստանի կողմից ուկրաինական ցորենի արտահանման համաձայնագրին (որը ձեռք էր բերվել ՄԱԿ միջնորդությամբ) մասնակցությունը դադարեցնելու աղետալի հետևանքների մասին։ Գլոբալ հումանիտար կազմակերպությունը հայտարարել է, որ պատերազմն Ուկրաինայում արդեն այսօր փոխել է պարենի արտադրման և մատակարարումների գլոբալ սխեմաները, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Եկամուտների ցածր մակարդակ ունեցող երկրներում գնաճն ավելացել է մոտ 90 տոկոսով, իսկ 345 մլն մարդ այս տարի կարող է բախվել սննդամթերքների սուր անբավարարության։

Կազմակերպությունում հայտարարել են, որ այն ժամանակ, երբ տասնյակ միլիոնավոր մարդիկ բախվում են ծայրահեղ քաղցի խնդրին Արևելյան Աֆրիկայում, իսկ Սոմալին կանգնած է քաղցի եզրին՝ 40 տարվա ընթացքում ամենաուժեղ երաշտի պատճառով, շրջափակման վերականգնումը կխոչընդոտի ռուս-ուկրաինական տարածաշրջանից ցորենի 80 տոկոսի ներմուծմանը՝ վատթարացնելով իրավիճակը։

«Շրջափակման վերականգնումը լուրջ մտահոգություն կառաջացնի ճգնաժամային մասշտաբի հասնող գլոբալ քաղցի հետ կապված,- ասել է Փրկության միջազգային կոմիտեի Արևելյան Աֆրիկայում արտակարգ իրավիճակների գծով տնօրեն Շավշաթ Սարաֆը։- ՄԱԿ միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագիրը հույսի շող բերեց, բայց հիմա այդ հույսը նորից խորտակվել է։ Ցորենի արտահանման վերջերս տեղի ունեցած դադարեցումը ամենից ուժեղ կհարվածի նրանց, ովքեր սովի եզրին են։ Եմենը և Արևելյան Աֆրիկան զգալիորեն կախված են Ռուսաստանից և Ուկրաինայից՝ հացահատիկի ներկրման իմաստով, իսկ Սոմալին կանգնած է աղետալի սովի եզրին, և ցորենի արտահանման հետագա խափանումները կարող են Սոմալին անդունդի եզրին կանգնեցնել»։

Պաշտոնական հաշվետվությունների համաձայն՝ օգոստոսի 1-ին շրջափակումը հանելու պահից 8,5 մլն տոննա կարևորագույն սննդամթերք է ուղարկվել Աֆրիկայի, Ասիայի և Եվրոպայի երկրներ։ Արգելքից հանվել է Ուկրաինայի սևծովյան պահեստարաններում պահվող ցորենի կեսը։ Փրկության միջազգային կոմիտեն կոչ է արել միջազգային հանրությանը գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի ապահովվի կանոնավոր և կանխատեսելի մատակարարում նրանց համար, որոնք դրա կարիքն ունեն ամենից շատ, ներառյալ այն մարդկանց, որոնք գտնվում են սովի եզրին այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսին են Արևելյան Աֆրիկան և Եմենը։

Փրկության միջազգային կոմիտեն 2022թ. փետրվարին սկսել է ճգնաժամին արձագանքելու միջոցներ կիրառել։ Կազմակերպությունն աշխատում է նաև տեղի գործընկերների հետ, որպեսզի օգնի առավել կարիքավորներին։ Այն աշխատում է Ուկրաինայում, Լեհաստանում և Մոլդովայում՝ ընդլայնելով ջանքերի մասշտաբները, որպեսզի հաղթահարվեն ձմռան հետ կապված խնդիրները։ Կոմիտեի ներկայացուցիչները բժշկական նշանակության առարկաներ են առաքում, դրամական օգնություն ցուցաբերում, աջակցում հոգեկան առողջությանը և անվտանգ տեղեր ապահովում կանանց և երեխաների համար։

Արևելյան Աֆրիկայում կոմիտեն իրականացնում է երաշտին արձագանքելու պլան՝ աջակցություն ցուցաբերելով ավելի քան մեկ միլիոն մարդու՝ նրանց սնունդ, առողջապահության ոլորտի սպասարկումներ, ջրամատակարարում և սանիտարիա, ինչպես նաև դրամական օգնություն ապահովելով։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ