Последние новости

Հայաստանը 2 դուդուկ կնվիրի Ժնևի ազգագրության թանգարանին

Հայաստանը Ժնևի ազգագրության թանգարանին 2 դուդուկ կնվիրի ցուցադրության նպատակով։ Որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ժնևում` Շվեյցարիայի Հայաստանի դեսպանության և Ժնևի ազգագրության թանգարանի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։

«Ազգային նվագարանների վերականգնման և զարգացման հիմնադրամը» իրականացրել է ազգային նվագարանների պատրաստման և կիրառման ուսուցման ծրագիր, որի շրջանակում 9 նվագարան է պատրաստել (2 քամանչա՝ պատյանով, 2 քանոն՝ պատյանով, 3 դուդուկ՝ պատյանով, 2 բլուլ՝ պատյանով) և հանձնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը հանրահռչակելու համար արտերկրի երաժշտական թանգարաններին նվիրելու նպատակով: Նշված մշակութային առարկաները ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության մշակութային արժեքների պահոցների ցուցակում:

Այս պահին Ժնևի ազգագրության թանգարանում ցուցադրվում են վրացական դուդուկներ, իսկ 2023 թ.-ին Ադրբեջանը ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցման է ներկայացրել «Բալաբան/մեյի արհեստագործությունը և կատարողական արվեստը» հայտը, որը կառուցվածքով դուդուկին նման երաժշտական գործիք է:

Ժնևի ազգագրության թանգարանին երկու դուդուկի նվիրաբերումը նպատակային է, քանի որ նվիրաբերման գործընթացի իրականացմամբ ապահովվում է համաշխարհային քաղաքակրթության համատեքստում հայկական հնագույն մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակումը, ինքնության առկայությունն ու արժևորումը, ինչպես նաև ուղղված է մեր տարածաշրջանի հարևան երկրների կողմից հայկական դուդուկի մշակութային պատկանելության հնարավոր յուրացման սպառնալիքները չեզոքացնելուն:

Ժնևի ազգագրության թանգարանին դուդուկներ նվիրելը կնպաստի նշյալ թանգարանի այցելուների մոտ գործիքի ծագման երկրի վերաբերյալ հետաքրքրության բարձրացմանը և կխթանի զբոսաշրջության ցուցանիշների աճը, որն էլ իր հերթին կանդրադառնա տնտեսական կամ սոցիալական խնդիրների արդյունավետ լուծման վրա:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ