Последние новости

Դուդա․ Համոզիչ ապացույցներ չկան, թե ով է արձակել հրթիռը

Լեհաստանի իշխանությունները հաստատել են, որ երկրի արևելքում ընկած հրթիռը ռուսական արտադրության է։

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի ուշ երեկոյան պաշտոնապես հաստատել է, որ լեհական Պշեվոդուվ գյուղում ընկած հրթիռը ռուսական արտադրության է։ Նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի դեսպանը կանչվել է միջադեպի հետ կապված, գրել է «Голос Америки»-ն։

Ի դեպ, նախագահ Անջեյ Դուդան մի փոքր ավելի ուշ հայտարարել էր, որ Լեհաստանը կոնկրետ ոչ մի ապացույց չունի, թե ով է արձակել հրթիռը, որը պայթել է Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու։

«Ներկայում մենք ոչ մի համոզիչ ապացույց չունենք, թե ով է արձակել այդ հրթիռը... Դա, ամենայն հավանականությամբ, ռուսական արտադրության հրթիռ է, բայց ներկայում դա դեռ հետաքննվում է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Անջեյ Դուդան։

Դրանից մի քանի ժամ առաջ Դուդան հեռախոսազրույց էր ունեցել ամերիկացի գործընկերոջ՝ Ջո Բայդենի հետ, երեքշաբթի տեղեկացրել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սևերան Թվիթերում։ Այդ խոսակցությունը տեղի է ունեցել Ուկրաինայի հետ սահմանին պայթյունից հետո, որի հետևանքով զոհվել է Լեհաստանի երկու քաղաքացի։

Սպիտակ տանը տեղեկացրել են, որ Ջո Բայդենը լեհ գործընկերոջն առաջարկել է լիակատար աջակցություն Պշեվոդուվի պայթյունի հետաքննության հարցում։ «Նախագահ Բայդենն առաջարկել է աջակցել և օգնել հետաքննությանը»,- նշվել է վարչակազմի հայտարարությունում։

Լեհաստանը ստուգում է, թե արդյոք պետք է խորհրդակցել Հյուսիսատլանտյան պայմանագրի (ՆԱՏՕ) 4-րդ հոդվածին համապատասխան, երեքշաբթի ասել է Լեհաստանի կառավարության ներկայացուցիչը։

Միացյալ Նահանգները և նրա արևմտյան դաշնակիցները հայտարարել են, որ հետաքննություն կիրականացնեն, բայց առայժմ չեն կարող հաստատել այն տեղեկությունը, թե պայթյունը Լեհաստանի Լյուբլյանսկի շրջանի Պշեվոդուվ գյուղում տեղի է ունեցել ռուսական հրթիռի պատահական հարվածից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է այս տեղեկությունը։

«Մենք որոշել ենք ստուգել, թե կան արդյոք հիմքեր Հյուսիսատլանտյան պայմանագի 4-րդ հոդվածով ընթացակարգ սկսելու համար»,- լրագրողներին ասել է Լեհաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Պետր Մյուլլերը։

4-րդ հոդվածը ՆԱՏՕ-ի անդամներին թույլ է տալիս Հյուսիսատլանտյան դաշինքի քննարկմանը ներկայացնել անհանգստություն առաջացնող հարցը, հատկապես անվտանգության մասով։

Մյուլլերը նաև ասել է, որ Լեհաստանը բարձրացնելու է մարտական պատրաստվածությւոնը որոշ զորամասերում, բայց հրաժարվել է պատասխանել որևէ հարցի, այդ թվում միջադեպի պատճառի մասին։

«[Մեր կողմից] ընդունվել է որոշում՝ բարձրացնել Լեհաստանի որոշ զորամասերի և մեր երկրի ուժային կառույցների մարտունակությունը»,- ասել է նա։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ