Ռուբեն ՍԱՖՐԱՍՏՅԱՆ․ ԹՈՒՐՔԻԱՆ ԺԱՄԱՆԱԿ Է ՁԳՈՒՄ` ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի քաղաքականությունը հիմնարար փոփոխությունների չի ենթարկվել, իսկ աշխատանքային խմբերի մակարդակով առանձին հանդիպումներն ի զորու չեն փոխել Անկարայի գլոբալ ռազմավարությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի ղեկավարի խորհրդական Իբրահիմ Քալընի վերջին հայտարարությունները։
Քալընը հայտարարել էր, որ մոտ ապագայում հավանական է, որ անձնագրերի միջոցով հնարավոր կլինի հատել հայ-թուրքական սահմանը։ Նա կարևորել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Պրահայում կայացած հանդիպումը։ Նրա խոսքով` Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է դրական հունով։
Ըստ թուրքագետի՝ Անկարան դեռ շարունակում է նախապայմաններ դնել, ավելին` Թուրքիայի նախագահը երբեմն չի խուսափում իրերն իրենց անունով կոչել ու խոսել ոչ այնքան պայմանների, որքան պահանջների մասին։
«Իրականում Քալընը բեկումնային ոչինչ չի ասել։ Դրանք զուտ տեխնիկական մանրամասներ են։ Հիշում ենք, որ մի քանի ամիս առաջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել սահմանը բացելու երրորդ երկրներից եկած անձանց համար։ Այժմ այդ նպատակին հասնելու համար տեխնիկական հարցեր են մշակվում, բայց մեծ հաշվով դրանից թուրքական մոտեցումները չեն փոխվում»,- ասաց Սաֆրաստյանը։
Նրա դիտարկմամբ` միևնույն ժամանակ չի կարելի ասել, որ Հայաստանը չպետք է մասնակցի այդ բանակցություններին, հատկապես երբ ողջ միջազգային հանրությունը հայտարարություններ է անում ի պաշտպանություն կարգավորման գործընթացի։ Բանակցելուց հրաժարվելու դեպքում գլխավոր դերակատարների կողմից խիստ ճնշման տակ հայտնվելու վտանգ կա։ Այդուհանդերձ պետք է գրագետ մարտավարություն մշակել, ինչը թույլ կտա գործընթացն առաջ տանել առանց կորուստների, ասում է թուրքագետը։
Մեր զրուցակիցը որոշակի միտում է արձանագրում թուրքական կողմի գործողություններում, ըստ որի` Անկարան անում է ինչ-որ աննշան, փոքր քայլեր, ժեստեր, օրինակ՝ սահման է ուղարկում մասնագետների, այդ քայլերը լայնորեն լուսաբանվում են տեղեկատվական տիրույթում, հետո դադար է լինում, և որոշ ժամանակ անց հայտնի են դառնում նոր մանրամասներ։
Ըստ Սաֆրաստյանի՝ նպատակը հիմնարար ոչ մի քայլ չանելն է, սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հետաձգելը, ժամանակի վրա խաղալն ու Հայաստանի վրա ճնշումը մեծացնելը` զիջումների հասնելու համար։ Այս ամենն արվում է Ադրբեջանի հետ համաձայնեցված, այսինքն` Հայաստանի թուլացման հարցում, Սաֆրաստյանի բնութագրմամբ, Անկարայի ու Բաքվի գործողություններում աշխատանքի որոշակի բաժանում կա։ Թուրքիան երբեմն կոշտ, երբեմն մեղմ պարտադրանքի քաղաքականություն է վարում, դրան զուգահեռ՝ Ադրբեջանը սրում է իրավիճակը սահմանին, սպառնում է նոր պատերազմ սկսել` դիմելով սադրանքների։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ հանդիպման ժամանակ շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը:
Մասնավորապես` խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 15:07
Церковь мешает премьеру Николу Пашиняну превратить Армению в "Западный Азербайджан". Об этом бывший вице-спикер парламента Армении, представитель РПА Эдуард Шармазанов заявил в соцсети.
-
2025-06-09 15:06
Руководитель парламентской фракции "Армения" Сейран Оганян подтвердил, что их политсила готова в разумные сроки предоставить недостающие подписи 28 депутатов для инициирования в Национальном Собрании процедуры импичмента премьер-министру РА Николу Пашиняну.
-
2025-06-09 15:05
По результатам исследований, проведенных с целью строительства в Армении нового атомного энергоблока, будет уточнена его модель, учитывающая как особенности армянской энергосистемы, так и вопросы мощности и структуры финансирования. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения годового отчета «Об исполнении государственного бюджета Республики Армения в 2024 году» заявил 9 июня министр территориального управления и инфраструктур Давид Худатян.
-
2025-06-09 14:31
Иеромонах Асохик Карапетян заявил, что против Армянской Церкви готовится террор на государственном уровне, а компетентные органы бездействуют.