Последние новости

Պեմզաշենի գործով մեղադրյալ Արկադի Բարսեղյանի պաշտպանական կողմը բողոքարկել է կալանավորման որոշումը

Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 31-ամյա բնակչուհի Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու սահմռկեցուցիչ սպանությունների գործով մեղադրյալներից Արկադի Բարսեղյանի պաշտպանական կողմը բողոքարկել է խափանման միջոց կալանավորման որոշումը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Վլադիմիր Մինասյանը։

«Դեռ պատասխան չենք ստացել, դատական նիստի օր նշանակված չէ: Այնպիսի գործի մասին է խոսքը, որ կդժվարանամ ասել, թե դատարանն ինչ որոշում կկայացնի այս բողոքարկման մասով»,- նշեց Մինասյանը:

Պաշտպանը նշեց, որ Արկադի Բարսեղյանի ցուցմունքում ոչինչ չի փոխվել. նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և պնդում է՝ դեպքի վայրում չի եղել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղի սեփական բնակարանում սպանված էին գտել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանին, նրա 12-ամյա դստերը և 8-ամյա որդուն: Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը և նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վրույրը Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը հակառակը՝ չի ընդունում մեղադրանքը և նշում է, որ դեպքի վայրում չի եղել։ Երկու մեղադրյալներն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։

Ըստ Քննչական կոմիտեի վարկածի՝ անմարդկային սպանությունների շարժառիթը եղել է գողությունը։

Վրույր Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ և 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։ Արկադի Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով և 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ