Լաչինի միջանցքի հարցով Փաշինյանը պարզաբանումներ է սպասում Ռուսաստանից
Լաչինի միջանցքի փակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպիտ խախտում է: Այս կետով պարտավորություն են կրում եռակողմ հայտարարության կողմերից երկուսը՝ Ադրբեջանական Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը: Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը, իսկ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը վերահսկողության տակ է պահում Լաչինի միջանցքը: Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Միջազգային հարթակներում Ադրբեջանի կողմից շրջանառվող այն դրույթը, թե Լաչինի միջանցքը բաց է երթևեկության համար, սին են և իրականության հետ ոչ մի կապ չունեն: Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի կողմից, և սա նրա միջազգային պարտավորության կոպտագույն խախտում է: Եթե նույնիսկ հիմնվենք Ադրբեջանի պրոպագանդիստական վարկածի վրա, թե Լաչինի միջանցքը փակել են էկոակտիվիստները, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկությունն ապահով ելը Ադրբեջանի ուղիղ պարտավորությունն է:
Այս պայմաններում իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը և Ռուսաստանի Դաշնությունը, որն անվտանգային կոնկրետ պարտավորություններ է ստանձնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի առաջ: Ո՞րն է իրադրության Ռուսաստանի Դաշնության գնահատականը: Ո՞րն է Լաչինի միջանցքը վերականգնելու նրա պլանը և ճանապարհային քարտեզը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի հանրությունն սպասում է Ռուսաստանի Դաշնությունից, որը, հիշեցնեմ, նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է:
Եթե Ռուսաստանի Դաշնությունն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, կարծում եմ՝ ինքը պիտի քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի:
Նման հարցադրում ծագում է նաև այն պատճառով, որ Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժելու առաջին դեպքը չէ: Սրան նախորդել են Փառուխի իրադարձությունները 2022 թվականի մարտին և Խծաբերդի իրադարձությունները 2020 թվականի դեկտեմբերին, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության շուրջ երեք տասնյակ քաղաքացիներ շարունակում են մնալ գերեվարված: Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանք է պատրաստում, այդ թվ? ?ւմ՝ Լեռնային Ղարաբաղում, և իրադրության զարգացումները հրատապ պատասխանի սպասող հարցեր են բարձրացնում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված:
Պիտի անկեղծ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայության համոզված կողմնակիցն է և այդ ներկայության ջատագովը: Բայց մեզ համար անընդունելի է Լեռնային Ղարաբաղի հայաթափման լուռ վկա դառնալու Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը: Ամեն դեպքում մենք այս հարցերի պարզաբանման շուրջ պիտի սերտորեն աշխատենք Ռուսաստանի Դաշնության և մեր մյուս միջազգային գործընկերների հետ՝ իրադրության հետագա սրում թույլ չտալու համապարփակ կարգավորումների հասնելու համար: Պիտի նաև վերահաստատեմ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանների դելիմիտացիան ավարտին հասցնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու Հայաստանի պատրաստակամությունն ու հաստատակամությունը»,- հայտարարեց Փաշինյանը :
Verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 13:35
Инспекционный орган безопасности продуктов питания Армении в рамках проводимого на рынке мороженого мониторинга представил результаты экспертизы образцов, взятых на производственных объектах, принадлежащих ООО «Игит» и «Пинк Берри» и индивидуальному предпринимателю Азату Казанчяну.
-
2025-06-07 13:33
Оппозиционная фракция «Честь имею» Национального Собрания Армении выдвинула кандидатом на пост премьер-министра в рамках инициируемого процесса импичмента главу общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 13:03
Спасатели обнаружили тело женщины в канале рядом с улицей Исакова в Ереване, сообщает пресс-служба МВД Армении.
-
2025-06-07 13:01
В Первопрестольном Святом Эчмиадзине приняли решение впредь реже реагировать на дискредитирующие заявления властей — в частности, на публикации с ненормативной лексикой премьер-министра Никола Пашиняна о Церкви и мирской жизни духовенства. Об этом сообщает газета «Жоховурд» со ссылкой на источники.