Последние новости

«Թշնամու ուզածն էլ դա, բայց մենք թույլ չենք տա». վաղվանից Հայաստանում մնացած արցախցի երեխաները դպրոց կհաճախեն

Արցախի շրջափակման հետեւանքով Հայաստանում մնացած երեխաները վաղվանից դպրոց կհաճախեն իրենց ժամանակավոր բնակության վայրերում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանը, որը երեխաների հետ գրեթե մեկ ամիս գտնվում է Գորիսում եւ չեն  կարողանում վերադառնալ Արցախ:

«Գորիսում գտնվող երեխաները վաղվանից կհաճախեն Գորիսի թիվ 1 դպրոց, արդեն պայմանավորվել ենք: Կան երեխաներ, որոնք երաժշտական դպրոց են գնում, նրանք էլ տեղի երաժշտական դպրոց կհաճախեն, մինչեւ վիճակը կարգավորվի: Թշնամու ուզածն էլ դա, որ երեխաներին կտրեն իրենց միջավայրից, կրթություն ստանալու տարրական իրավունքից զրկեն, սակայն դա նրանց չի հաջողվի,  դա մենք չենք կարող թույլ տալ, անպայման դպրոց գնալու են երեխաները, մինչեւ ճանապարհները բացվեն»,-ասաց նա:

Նշենք, որ Արցախի շրջափակման հետեւանքով Հայաստանում է մնացել արցախցի 270 երեխա, որից 20-ը գտնվում են Երեւանում, իսկ մնացածը Գորիսում են:

Տիկին Գյանջումյանը նշեց, որ իրենք ամեն ինչ անում երեխաների առօրյան հնարավորինս բազմազան կազմակերպվի, տարբեր միջոցառումներ, արշավներ են կազմակերպում երեխաների օրը հագեցած անցկացնելու համար:

«Շատ դժվար է, արդեն մեկ ամիս է` երեխաները հեռու են իրենց տնից, ծնողներից, հոգեբանական զրույցներ ենք անցկացնում, որ երեխաները հնարավորինս թեթեւ տանեն ստեղծված իրավիճակը: Բայց ինչքան էլ մենք լավ կազմակերպենք առօրյան, ինչքան էլ փորձենք մեկ է` երեխան ցանկանում է իր դպրոցը, իր ծնողներին, իր առօրյան,  արդեն մեկ ամիս է` խաթարվել է երեխաների կյանքը»,- նշեց նա:

Աիդա Գյանջումյանը նշեց, որ իրենք տարբեր միջազգային կառույցների են դիմել, հայտնել, որ խախտվել են երեխաների տարրական իրավունքները, սակայն բոլորն անտարբեր են:

«Աշխարհն անտաբեր է երեաների իրավունքների, մարդու իրավունքների խախտման հանդեպ, խախտվել է երեխաների տեղից տեղ շարժվելու, կրթության իրավունքը, սակայն պատշաճ արձագանք չենք ստանում»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։

Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 13 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ