Последние новости

Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆՄԱՆ Է ՍԵՓԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀՈՒՅՍԸ ՀԱՐԵՎԱՆ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ ԴՆՈՂ ՏՂԱՄԱՐԴՈՒ

Հայաստանը ձեռքերը լվալով Արցախից, արցախահայությունից, նրա իրավունքներից, և ամբողջը մղելով, դրդելով, ստիպելով, համոզելով Արցախի իշխանություններին սեպարատ երկխոսություն սկսել Բաքվի հետ, որը արձանագրված է Պրահայում ու Մյունխենում ստորագրված հայտարարություններում, ամբողջովին անպաշտպան է թողնում Արցախին Ադրբեջանի ագրեսիվ, ահաբեկչական քաղաքականության դեմ: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Երեկ Արցախի ՊԲ հակազդեցությունը շատ կարևոր նշան եղավ, որ Հայաստանի իշխանությունը դավաճանաբար երկու տարուց ավելի ՀՀ քաղաքացիներին ցուցադրաբար դուրս հանեց Արցախից, բայց արցախահայությունը առնվազն նման վիրավոր կապված ձեռքերով շարունակում է սեփական անվտանգությունը ապահովել: Արցախին այս հարցում միայնակ թողնելով, շատ ավելի թուլացնում է Արցախի իշխանության դիրքերը մի իշխանություն, որի ներկայացուցիչներ իրենց պահվածքով, լռությամբ, շատ հաճախ փորձելով ՀՀ իշխանությունների դավաճանական ընթացքն արդարացնելով, իրենք իրենց դրել են շատ ավելի դժվար կացության մեջ: Ադրբեջանն իր ձեռքերն ամբողջությամբ ազատել է, քանի որ այս հարցում Հայաստանն այլևս խուսափում է որևէ կտրուկ քայլ անել: Հայաստանն այլևս տևական ժամանակ ամբողջ բանակցային մակարդակը տեղափոխել է Ստեփանակերտ-Բաքու շփումների դաշտ, դրա համար խուսափում է դրա մասին շատ ավելի լայնածավալ խոսել»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

Նա նախօրեին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը անատամ անվանեց՝ նշելով. «Այդ անատամ հայտարարությունը վկայում էր մի բանի մասին, որ Հայաստանը չի կարող ձեռքերը լվալ, դիտորդի կարգավիճակ ունենալ կամ ինքն իրեն դիտորդի դերում դնել Արցախի ապագայի շուրջ քննարկումներում, դրա համար ուղղակի վիզը ծռած անօգնական մեկի պես հիմա էլի միջազգային հանրության, միջազգային դիտորդական առաքելության անհրաժեշտության մասին է խոսում: Բերեցին հասցրեցին այստեղ, որ այլևս ՀՀ-ն ոչ միայն ինքն իրեն չի համարում, այլ նաև այդ մեխանիզմներից է ինքն իրեն զրկել Արցախի անվտանգության երաշխավորը լինել: 2018-ից հետո սրանց պոռոտախոսությունը և հիմիկվա վիզը ծռած ողորմություն խնդրելը գալիս է փաստելու իրենց քաղաքականության, կեղծ «խաղաղության դարաշրջանի», խաղաղության պայմանագրի զրո լինելը»:

Նրա խոսքով, վերջին շրջանում Ադրբեջանի հռետորաբանությունը, տեղեկատվական դիվերսիան, հիմա արդեն ահաբեկչական դիվերսիան խոսում են լուրջ վտանգավոր վիճակի մասին. «Սա չի նշանակում, որ պետք է թևաթափ լինել, պետք է համազգային զորաշարժ, բայց տվյալ դեպքում ունենք մի մեծ խանգարիչ հանգամանք, որը կառավարության շենքում է նստած: ՀՀ իշխանությունը շարունակելու է վիզը ծռածի, մուրացիկի քաղաքականությունը, մի փոքրիկ տարածքում կուճռտվելու, սահմանափակվելու, խեղճանալու քաղաքականությունը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը նման է այն անմեղսունակ տղամարդուն, որ սեփական բնակարանի, սեփական ընտանիքի անվտանգությունը պաշտպանելու հույսը դնել է հարևան տղամարդկանց վրա. «Միջազգային հանրությունը, միջազգային գործիքները, խոշոր մայրաքաղաքները գործուն են լինում, երբ տեսնում են քո կողմից ամենավերջին հնարավորությունները գործի դնելը: Դա է որ քո երկրի նկատմամբ հարգանք է առաջ բերում և պարտադրում է միջազգային հանրության կողմից գործողություններ: Երբ նույնիսկ սեփական ինքնիշխանության, արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում միջազգային հանրությունը հակազդեցություն չի տեսնում, դրանից հետո անմիտ է ակնկալել միջազգային հանրության կողմից որևէ գործուն քայլ»,-ընդգծեց Գեղամ Մանուկյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել Ստեփանակերտից հերթափոխի մեկնած ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 և վիրավորվել 1 աշխատակից:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ