Последние новости

108 ԿԱՆԱՅՔ, ՈՐՈՆՔ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՉՄԱՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ․ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ Է ԵՂԵԼ

Կանանց միջազգային օրվան ընդառաջ Երևանում կայացել է Տիգրան Սարգսյանի «Չմատնող կանայք, 69-րդ հոդվածով մեղադրյալները (արխիվային նյութեր և բանավոր պատմություններ)» գրքի շնորհանդեսը։

Հայաստանի պատմության թանգարանում շնորհանդեսին զուգահեռ տեղի է ունեցել նաև արխիվային նյութերի ժամանակավոր ցուցադրության բացումը, որոնց թվում են գրքի հերոսուհիների՝ մեզ հասած լուսանկարները:

Նրանց մեղադրում էին ԽՍՀՄ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն՝ իրենց ամուսինների, եղբայրների, գործընկերների «հանցավոր» գործունեության մասին խորհրդային իշխանություններին չհայտնելու համար։

Գրքի հեղինակի խոսքով ՝ դեռևս 2015 թվականին, Ազգային արխիվում ուսումնասիրելով ԽՍՀՄ սոցիալական քաղաքականությունը, նա հանդիպել է 69-րդ հոդվածով մեղադրվող կանանց գործերին։ Ստալինյան բռնաճնշումների զոհ դարձած հայուհիների պատմություններն ու գործունեությունը նրան շատ են հետաքրքրել։

«Ես սկսեցի ուսումնասիրել այդ փաստաթղթերը։ Պարզվեց, որ արխիվում մենք ունենք կանանց108 գործ, որոնք մեղադրվում են «չմատնելու» համար», - պատմել է Սարգսյանը լրագրողներին։

Չնայած այն հանգամանքին, որ այս կանանց միավորում էր նույն հոդվածը, նրանց ճակատագրերը տարբեր կերպ էին զարգանում։

«Հենց այդ պատճառով էլ որոշեցինք գիրքը պայմանականորեն բաժանել երեք մասի։ Առաջին խմբում ընդգրկված էին դատապարտվածները, երկրորդ խմբում՝ կալանավորվածները, բայց այդպես էլ չդատապարտվածները, իսկ երրորդ խմբում ընդգրկված էին չհեռանալու ստորագրությամբ ազատ արձակված կանայք», - ասաց հեղինակը։

Արխիվային նյութերը հետագայում լրացվել են նաև բանավոր պատմություններով։

Սարգսյանի խոսքով՝ գիրքը հետաքրքիր է նրանով, որ նորովի է բացահայտում Խորհրդային Միության ռեպրեսիվ քաղաքականությունը, երբ մարդը պատասխանատվության է ենթարկվել ոչ թե իր, այլ իր մտերիմների՝ ամուսինների, եղբայրների, գործընկերների գործողությունների համար։

«Այսինքն՝ խորհրդային գաղափարախոսության տրամաբանությամբ` այդ կանայք պետք է հաղորդեին իրենց մոտ գտնվող մարդկանց գործունեության մասին։ Հետաքրքիր են ինչպես մարդկանց պատմությունները, այնպես էլ այն, թե այդ շրջանում գաղափարախոսությունն ինչպես է ազդել ընտանեկան հարաբերությունների վրա», - հավելել է նա։

Գրքում ներկայացված են նաև արխիվային փաստաթղթեր։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ