Последние новости

ՆՐԱՆՔ ԶՈՀՎԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ. ՏԵՂ ԳՅՈՒՂԻ ՄՈՏ ԶՈՀՎԱԾ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Երեկ Տեղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված 4 զինծառայողները ՀՀ տարբեր շրջաններից էին, բայց նրանց միավորում էր մի բան` հայրենի հողի հանդեպ անսահման սերը։

 Նարեկ ՍարգսյանՆարեկ Սարգսյան

Զոհված Նարեկ Սարգսյանը Սևան քաղաքից էր, հատուկջոկատային։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը։

«Նարեկը ամուսնացած չէր, հունիսին կդառնար 29 տարեկան։ Ընտանիքում երեք եղբայր են, ինքը միջնեկն էր։ Մայրը` Արմինե Ղուկասյանը, երկար տարիներ աշխատել է դպրոցում որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Այժմ չի աշխատում։ Հայրն աշխատում է»,–ասաց նա։

Նարեկը Սևանի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Սևանի քոլեջի ծրագրավորման բաժին։

Նրան բնութագրում են որպես պարկեշտ, խելացի, համեստ, կազմակերպված, ընտանիքին նվիրված տղա։

«Ամբողջ համայնքը սգում է, քանի որ ճանաչում ենք և՛ Նարեկին, և՛ նրա ընտանիքին, գիտենք` ինչ պատրաստակամ երիտասարդ էր։ Նարեկը հատուկջոկատային էր։ 2017 թվականից միշտ եղել է ամենաթեժ կետերում, այնտեղ, որտեղ իր կարիքը զգացել են»,–ասաց Ղուկասյանը։

Նարեկը ոչինչ չէր պատմում, չէր սիրում իր մասին խոսել, բայց նրան ճանաչողները գիտեին, որ երկրին նվիրյալներից մեկն է։ Նրա գործերն ամեն ինչ ասում էին իր մասին ու իր փոխարեն։

 Հենրիկ ՔոչարյանՀենրիկ Քոչարյան

26–ամյա Հենրիկ Քոչարյանն էլ Վայք համայնքից էր, 44–օրյա պատերազմի մասնակից, հատուկ նշանակության ջոկատային։

Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Հենրիկը պատերազմի ընթացքում աչքի է ընկել իր քաջագործություններով, ծառայել և հերոսաբար կռվել է Ջաբրայիլում, Զանգելանում, Բերձորում, Շուշիում։ Երկու անգամ վիրավորում է ստացել և նորից վերադարձել կռվի դաշտ։

Նա վիրավոր ընկերոջն ուսին դրած հանել է թշնամու կրակահերթի տակից։

«Սովորել է Վայքի միջնակարգ դպրոցում, ապա Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։ Երկու ամիս առաջ էր լետենանտի կոչում ստացել։ Ամուսնացած չէր։ Շատ խելացի տղա էր։ Ինքը հայրենիքը, իր ծառայությունը շատ էր սիրում։ Ուզում էր այդ ուղղությամբ շարունակել։ Շատ շփվող, խելացի, ընկերասեր, հաճելի արտաքինով տղա էր»,–ասաց համայնքի ղեկավարը։

Նա հայտնեց, որ Հենրիկը երեխաներից մեծն էր, ընտանիքի հետ վարձով էր ապրում։

Քույրը 17 տարեկան է, հաշմանդամություն ունի։ Փոքր եղբայրն էլ 11 տարեկան է։

 Արթուր ՍահակյանԱրթուր Սահակյան

Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներից Արթուր Սահակյանն էլ Գյումրիից էր։

Նա 23 տարեկան լեյտենանտ էր, ծառայության էր անցել Սյունիքի մարզում:

Նրա դասընկերներից մեկը` Գևորգը, Sputnik Արմենիային հայտնեց, որ Արթուրը սովորել է թիվ 31 դպրոցում, ապա Գյումրու ակադեմիական վարժարանում:

«Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտել էր այս տարի, լավ հաջողություններ էր գրանցել նաև մարզական բնագավառում. կարատեի սև գոտի ուներ»,-ասաց Գևորգը։

Նրա խոսքով` Արթուրը ակտիվ էր, աշխույժ, ընկերասեր:

 Մկրտիչ ՀարությունյանՄկրտիչ Հարությունյան

Տեղ գյուղում զոհված Մկրտիչ Հարությունյանն էլ Արագածոտնի մարզի Թալին քաղաքից էր:

33-ամյա Մկրտիչը ամուսնացած էր, ունի երկու դուստր:

Նրա մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց ընկերը` հաղորդավար Էրիկ Անթառանյանը։

«Մկրտիչի հետ ծանոթացել եմ 2018 թվականին «Հատուկ ջոկատ» նախագծի շրջանակում, երբ մեկ ամիս շարունակ բոլոր մասնակիցներվ միասին էինք ապրում։

Ինքը մեր հրահանգիչներից էր։ Նա շատ լավ ընկեր էր, իր գործի փայլուն մասնագետ, որը միշտ հավասարակշիռ որոշումներ էր կայացնում ` աշխարհաքաղաքական վերլուծություններ անելով»,–ասաց նա։

Անթառանյանի խոսքով` Հայաստանը կորցրեց ռազմական մեծ գործչի, որը միշտ մտածում էր բանակի կատարելագործման մասին։

«Երբ նայում էիր իրեն, հականում էիր` ինչ է հայրենիքի հանդեպ սերը»,–ասաց նա։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ