ՀՀ-ի և ՌԴ-ի շինարարական ոլորտի ներկայացուցիչները հետաքրքրված են համագործակցությամբ
Հայաստանի և Ռուսաստանի շինարարական ոլորտի ներկայացուցիչները Երևանում Ռուս-հայկական գործարար խորհրդի բիզնես-առաքելության լիագումար նստաշրջանի շրջանակում քննարկել են համագործակցության հեռանկարները:
«Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Կարեն Ավագյանը Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց, որ մեր երկիր են ժամանել ռուսական խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։ Միջոցառման նպատակն է կապեր հաստատել երկու երկրների ներկայացուցիչների միջև, բացահայտել համագործակցության ներուժը, ինչպես նաև ռուսաստանցի հյուրերին ծանոթացնել հայաստանյան արտադրողների արտադրանքին: Բացի նստաշրջանից, նախատեսվում են նաև ռուսաստանցի հյուրերի այցելություններ շինանյութերի արտադրության հայկական ձեռնարկություններ:
«Ռուս գործընկերները կարող են ծանոթանալ հայկական արտադրանքին, տեղական ընկերությունների կադրային հնարավորություններին և ավելի համարձակ ծրագրեր իրականացնել Հայաստանում։ Փորձը ցույց է տվել, որ սա արդյունավետ ձևաչափ է և յուրաքանչյուր նստաշրջանի արդյունքներով խոշոր նախագծեր են իրականացվում»,-ասաց նա։
НОТИМ (Տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների ազգային միավորում) նախագահ Միխայիլ Վիկտորովն էլ Sputnik Արմենիային ասաց, որ Երևան է ժամանել երկու նպատակով: Առաջինը՝ պատմել ռուսական համապատասխան արտադրանքի բոլոր տեսակների մասին, երկրորդ՝ հասկանալ, թե ինչ կարող է տալ Հայաստանը Ռուսաստանի շինարարական արդյունաբերությանը։
«Մեր շուկաները մեծապես կախված են միմյանցից։ Ես չեմ հիշում վիճակագրությունը, թե մեր տասը շինարար-նախագծողներից քանիսն են հայ, բայց շատ են։ Բացի այդ, ես շատ հայ ընկերներ ունեմ, որոնք շինարարությամբ են զբաղվում ճանապարհային և այլ ոլորտներում»,-նշեց Վիկտորովը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը կարևորեց Ռուսաստանի հետ համագործակցությունը առևտրատնտեսական, մասնավորապես՝ շինարարության ոլորտում: Նրա համոզմամբ՝ այս ճյուղում շինանյութերի արտադրության ոլորտում զարգացման, համատեղ նախագծերի իրականացման և կապերի հաստատման հսկայական ներուժ կա։ Նա նաև հնարավոր է համարում շինանյութերի ներմուծման փոխարինումը հայկական կամ համատեղ արտադրությամբ։
«Հայաստանում լայնածավալ շինարարություն է ընթանում, և մեզ շինարարական ռեսուրսներ են պետք։ Այդ պատճառով ռուսական ընկերությունները կարող են մասնակցել ոչ միայն պետական, այլև մասնավոր նախագծերին»,- նշեց նա։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի փոխտնօրեն Նարեկ Զուլանյանն էլ իր հերթին նշեց, որ ռուսական ընկերությունները կարող են մասնակցել Հայաստանում ճանապարհաշինության մրցույթներին: Նրա հավաստմամբ՝ կառավարությունը նախատեսում է տարեկան առնվազն 500 կմ ճանապարհ կառուցել և վերանորոգել: Բացի այդ, որոշ խոշոր նախագծեր իրականացվում են տրանշներով և դրանցում կարող են ներգրավվել նաև ռուսական ընկերությունները։
Անցյալ տարվա աշնանը Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիան հիմնադրել է Հայաստանի Հանրապետության Ռազմավարական զարգացման կենտրոնը (ՌԶԿ), որն իր աշխատանքն է սկսել Երևանում: ՌԶԿ-ի ստեղծման մասին որոշումն ընդունվել է Ռուսաստանի և Հայաստանի էկոնոմիկայի նախարարների կողմից 2022 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։ Իր գործունեության ընթացքում կենտրոնը հաշվի է առնում Եվրասիական տնտեսական միության փաստաթղթերում ամրագրված առաջնահերթություններն ու ռազմավարական ուղղությունները:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպել էին Ռուս-հայկական գործարար խորհուրդը, Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոնը, ինչպես նաև Եվրասիական ներդրումային գործակալությունը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-20 19:56
Газета «Грапарак» пишет:
-
2024-11-20 19:51
Представитель Армянской Апостольской церкви в Святом Престоле, Патриарший делегат в Западной Европе архиепископ Хажак Парсамян заявил об уничтожении христианских символов на международной конференции в Риме, посвященной сохранению религиозного и культурного наследия Арцаха.
-
2024-11-20 19:49
ВВС Израиля нанесли удар по Пальмире, есть погибшие и раненые, передает агентство SANA.
-
2024-11-20 19:48
В период с 10 по 14 ноября Азербайджан совершил 5 рейсов с вооружением и военной техникой в Нахиджеван. Самолеты курсировали между Гянджой и Нахиджеваном, пишет политолог Сергей Мелконян.