Последние новости

Բաքվի քաղաքականությունը. Շուշիի շրջանի 4 համայնքներ դեռ սնունդ ու դեղորայք չի մտել

Արցախը Հայաստանին կապող Հակարիի կամրջին ադրբեջանական անցակետի տեղադրումից 13 օր է անցել ու դեռ ոչ սնունդ, ոչ էլ դեղորայք է մտել երկկողմանի շրջափակման մեջ մնացած 4 համայնքներ, «Ազատությանը» պատմեց այդ գյուղերից մեկի՝ Եղցահողի բնակիչ Էդվարդ Եդիգարյանը։

55-ամյա տղամարդն ասում է՝ ծորակից խմելու ջուր այլևս չի գալիս, սուրճ խմելն էլ է դարձել տոնական հաճույք:

«Կեղտոտ ա, կարկուտ ա եկել, սելավ ա եկել, խմելու ջուր չի, լվացք-մվացք, տենց բաներ կարելի ա անել, խմելու ջուր չունենք: Մեր ջուրը սարից ա գալիս, հիմա իրանք կտրել են, էդ ջուրը տանում են Լաչին: Աղբյուր կա, մի 1,5 կմ գնում ենք խմելու ջուրը բերում: Ոչ մի դեղորայք, ոչ մի բան չի մտել, ուտելիքն էլ ա սպառվում, ահավոր վիճակ ա», - ասաց Եդիգարյանը:

Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանն անցած շաբաթավերջին «Ազատությանն» ասել էր՝ աշխատում են շրջափակման մեջ մնացած 4 համայնքներ՝ Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր սնունդ ու առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելու ուղղությամբ։ Այսօր հարցին՝ հաջողվե՞ց, խոստացավ ճշտել ու այլևս չարձագանքեց մեր զանգերին։

Այս համայնքներ առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելն այս պահին անհնար է անգամ Կարմիր խաչի արցախյան առաքելության համար։ Կազմակերպության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանն «Ազատությանն» ասաց՝ ոչինչ չի փոխվել, դեռ տեղաշարժ չկա:

«Ոչ մի բան չի փոխվել երեկվանից, դեռևս քննարկումների մեջ ենք կողմերի հետ, բոլոր որոշում կայացնողների հետ՝ հասկանալու, թե ինչ ձևով ենք մենք մեր շարժն իրականացնելու Լաչինի միջանցքով, և հուսով ենք, որ մոտ ապագայում շատ շուտ վերականգնվելու է մեր գործունեությունը», - նշեց Մուսայելյանը:

Շուշիի շրջանի այս 4 համայնքներում այս պահին 110 ընտանիք է ապրում՝ մոտ 350 մարդ։ Նրանցից շատերի ընտանիքի անդամները, որ Արցախ, կամ Գորիս էին գնացել, վերադառնալ չեն կարողանում։

Արցախում ու նաև Երևանում այս օրերին բողոքի ակցիա-ստորագրահավաքներ են տեղի ունենում՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետը հեռացնելու պահանջով։

Անցակետի հարցով բանակցելու համար Բաքու էր մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարը, հանդիպել պաշտպանության նախարարին, արդյունքների մասին, սակայն, առայժմ չի հաղորդվում, մինչ այդ Հակարիի կամրջի անցակետը Ադրբեջանը ներառել է իր պետական սահմանի անցակետերի ցանկում։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ