Последние новости

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈ՞ՒՆ. ՈՐ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏՔ Է ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ՊՊԾ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃ ՀՐԱՎԻՐԻ

Պետական պահպանության ծառայությունը Ազգային ժողովի նախագահի հրահանգը կատարելիս պետք է հաշվի առնի` որքանով է այն իրավաչափ։ Նման կարծիք Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը` անդրադառնալով ԱԺ-ի այսօր քաշքշուկին։

Նշենք, որ այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո, որտեղ նա մեղադրանքներ էր հնչեցրել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանի հասցեին, իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև քաշքշուկ էր սկսվել։ Դրանից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր ընդմիջում և ներս հրավիրել անվտանգության աշխատակիցներին։

Պետրոսյանի դիտարկմամբ` անվտանգության ուժերն ԱԺ–ում պետք է օգտագործվեն բացառապես օրենքով սահմանված կարգով: Մինչդեռ ԱԺ նախագահը նիստերի դահլիճ է հրավիրում անվտանգության աշխատակիցներին, երբ ցանկանա:

«ՊՊԾ ծառայողը, եթե տեսնում է, որ ԱԺ նախագահի հրահանգը օրինաչափ և իրավաչափ չէ, պարտավոր է չկատարել: Հակառակ դեպքում, եթե կատարում են անօրինական հրամանը, որի հետևանքով հանցագործության կոնկրետ դեպք է տեղի ունենում, նրանք պետք է պատժվեն, անկախ նրանից ծառայության մեջ են եղել, թե ոչ։ Այսինքն` անօրինական հրաման կատարելը ևս հանցագործություն է դիտվում»,–ասաց Պետրոսյանը։

Արդարադատության գեներալ-մայորի խոսքով` նախորդ իշխանությունների ժամանակ էլ խորհրդարանում կռիվներ ու վիրավորական արտահայտություններ լինում էին, բայց այժմյան խորհրդարանն իր ցինիզմով և լկտիությամբ գերազանցել է նախորդ բոլոր գումարումների ԱԺ–ներին։

«Իրականում տեղի ունեցավ հետևյալը` ընդդիմադիր պատգամավորը ելույթից հետո որոշեց նայել իրենց դատած դատավորի աչքերին, որից հետո իշխանական պատգամավորներից մեկը, որը չի փայլում իր գիտելիքներով, պրովոկացիա արեց` արտահայտվելով. «վեր ընգի տեղդ»։ Սա չլսված կոպտություն է պատգամավորի կողմից մեկ այլ խորհրդարանականի հասցեին»,–ասաց նա։

Տվյալ դեպքում, ըստ նրա, պետք է դահլիճից հեռացվեր իշխող ուժի պատգամավորը, որն առաջինն էր խախտել կարգը և սադրել։Այս դեպքում կիրառվել են երկակի ստանդարտներ։

Պետրոսյանը հիշեցնում է, որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, ԱԺ նախագահը պարտավոր է անվտանգության աշխատակիցներ հրավիրել նիստերի դահլիճ, եթե տեղի է ունենում անկարգություն կոնկրետ անձի կողմից։ Ազգային ժողովի նախագահը իրավասու է նրան ասել, որ լքի դահլիճը։ Եվ միայն նրա չհեռանալու դեպքում է նա դիմում անվտանգության ուժերին։

«ՊՊԾ ծառայողներն էլ պետք է գործեն օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակում` առանց որևէ բռնության կիրառման։ Իսկ այսօրվա քաշքշուկի տեսագրությունում անվտանգության աշխատակիցը հարձակվել է պատգամավորի վրա՝ նույնիսկ նրան ոչ մի պահանջ չներկայացնելով։ Անվտանգության աշխատակիցները պարտավոր են հստակ ձևակերպել իրենց պահանջը և ասել, որ կարգազանց պատգամավորը լքի նիստերի դահլիճը: Բայց նա հարձակվում է և ուժ կիրառում», - նշում է Պետրոսյանը։

Ընդհանրապես քաշքշուկները և նմանատիպ միջադեպերը տեղի են ունենում շատ երկրների խորհրդարաններում, սակայն միայն Հայաստանի խորհրդարանում է, որ միջադեպերի ժամանակ մի ամբողջ բանակ անվտանգության ծառայողներ են «լցվում» նիստերի դահլիճ և բռնություն կիրառում պատգամավորի նկատմամբ։

Մեր զրուցակիցը մատնանշում է այն փաստը, որ խորհրդարան էքսկուրսիաների են գալիս դպրոցականներ, որոնք ականատես են լինում, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները ներխուժում դահլիճ և բռնություն գործադրում ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ:

Անթույլատրելի է ցանկացած բռնություն ոչ միայն անձեռնմխելիություն ունեցողների, այլև շարքային քաղաքացու նկատմամբ։ Իսկ ՊՊԾ աշխատակցի կողմից բռնության կիրառումը, այն էլ անձեռնմխելիություն ունեցող պատգամավորի նկատմամբ, պաշտոնեական դիրքի չարաշահում և քրեական հետապնդման ենթակա գործողություն, որը, Պետրոսյանի խոսքով, պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանքներ։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ