Последние новости

ՌԴ մետաղագործական խոշոր ընկերությունը ՀՀ-ում ներկայացուցչություն կբացի

Ռուսաստանյան «Новосталь-М» մետաղագործական խոշոր ընկերությունը Հայաստանի շուկայում 5 տարվա միջնորդավորված աշխատանքից հետո մտադիր է այստեղ ընկերության ներկայացուցչություն բացել: Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են ռուսաստանյան «Новосталь-М» մետաղագործական խոշոր ընկերության պատվիրակությանը, հայտնում է քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը կոմիտեի պատասխանատուներից բացի ներկա են եղել նաև Հայաստանի շինարարների միության ներկայացուցիչները: Քննարկվել է Հայաստանի շինարարության ոլորտում ընկերության ներգրավմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Ընկերության սեփականատեր Իվան Դեմչենկոն տեղեկացրել է, որ շինարարական պողպատից իրենց արտադրատեսակները, ամրանները ներկայացված են աշխարհի ավելի քան 70 երկրում:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կարևորել է ընկերության հետաքրքրվածությունը հայաստանյան շինարարության ոլորտով և բնագավառի ներկայացուցիչների հետ հանդիպման միջոցով գործակցության ուղիների նախանշումը: Ղուլարյանը հյուրերին ծանոթացրել է քաղաքաշինության բնագավառը կանոնակարգող օրենսդրությանը, վերջին տարիներին մշակված և արդիականացված շինարարական նորմերին, որոնք առնչվում են ընկերության արտադրատեսակներին: Դիտարկվել են նաև առավել հաճախ կիրառվող կոնստրուկցիաներն ու շինարարական արտադրատեսակները՝ հաշվի առնելով երկրաշարժադիմացկունության տեսանկյունից նորմերով սահմանված խիստ պահանջները:

Անդրադառնալով երկրում ընթացող լայնածավալ շինարարական ծրագրերին` մասնավորապես՝ դպրոցների, մանկապարտեզների, ճանապարհների և ջրամբարների կառուցմանը՝ դիտարկվել են գործընթացներում ընկերության ներգրավման հնարավորությունները: Իվան Դեմչենկոն ընդգծել է իրենց հետաքրքրվածությունը՝ Հայաստանում իրագործելու ներդրումային բաղադրիչով ծրագրեր ինչպես բնակարանաշինության, այնպես էլ ենթակառուցվածքների շինարարության բնագավառում:

Կողմերը պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ