Последние новости

ՄԱԿ-ը նախազգուշացրել է Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման ծանր և երկարաժամկետ հետևանքների մասին

Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզում Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումը կարող է հազարավոր մարդկանց համար ծանր և երկարաժամկետ հետևանքներ ունենալ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից, նման հետևանքների մասին է նախազգուշացրել ՄԱԿ-ը:

ՄԱԿ-ի Հումանիտար օգնության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիտսը հայտնել է, որ Կախովկայի ՀԷԿ-ում աղետի մասշտաբները պարզ կդառնան միայն առաջիկա օրերին:

Մայիսի 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Մարտին Գրիֆիտսը նախազգուշացրել է, որ հազարավոր մարդիկ կանգնած են իրենց տներից, սննդից և անվտանգ ջրից զրկվելու վտանգի առաջ:

Հազարավոր մարդիկ են տարհանվել հեղեղված բնակավայրերից: Կան մտավախություններ, որ ջրի մակարդակը կարող է բարձրանալ: Այսօր զանգվածային տարհանումները շարունակվում են:

BBC-ն արբանյակային լուսանկարներ է ներկայացրել, որոնք ցույց են տալիս հեղեղման ծավալները:

Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Վիկտորյա Լիտվինովան ավելի վաղ հայտարարել էր, որ հարկավոր է տարհանել, ընդհանուր առմամբ, 40 հազար մարդու՝ 17 հազար հոգու՝ Դնեպր գետի արևմտյան ափից, Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից, ինչպես նաև 25 հազար հոգու՝ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող արևելյան հատվածներից:

Կախովկայի ջրամբարը ջուր է ապահովում ֆերմերների և բնակիչների, ինչպես նաև Զապորոժիեի ատոմակայանի հովացման ավազանի համար: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել է, որ ատոմայականի անվտանգությանը վտանգ չի սպառնում:

Ուկրաինայի պետական ՀԷԿ-երի վարչությունը հայտնել է, որ հունիսի 7-ին դատարկվող ջրամբարից ջրի արտահոսքը կհասնի իր գագաթնակետին, իսկ դրանից 4-5 օր անց ջրի մակարդակը կնվազի:

Ռուսական և ուկրաինական կողմերը Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման մեջ մեղադրում են մեկը մյուսին:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ