Последние новости

ԱՄՀ․ Կանխատեսվում է ՀՆԱ-ի աճի տեմպի դանդաղում

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանի հետ «Պահուստային ծրագրի» (SBA) առաջին ամփոփիչ ստուգումը՝ երկրին տալով շուրջ 24.5 միլիոն ԱՄՆ դոլարից օգտվելու հնարավորություն։

ԱՄՀ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2022 թ. -ին շատ բարձր էր, ընդ որում իրական ՀՆԱ-ն 12.6 տոկոսով աճեց՝ պայմանավորված բարձր սպառմամբ և արտաքին պահանջարկով։ Այդ աճը սնուցվում էր Ռուսաստանից արտարժույթի և միգրանտների մեծ ներհոսքով։

Աճի թափը պահպանվեց 2023թ.-ի առաջին եռամսյակում՝ շինարարության, ծառայությունների և առևտրին առնչվող ոլորտների ընդլայնման արդյունքում։ Ընթացիկ հաշվի պակասուրդը նվազեց՝ տարվա համար կազմելով ՀՆԱ-ի 0.9 տոկոսը, ինչին նպաստեցին զբոսաշրջության բարձր եկամուտները։ Աճեցին նաև օտարերկրյա ուղղակի ներդրումները և այլ ներդրումների ներհոսքերը՝ գլխավորապես արտացոլելով Ռուսաստանից կապիտալի ներհոսքերը։ Համախառն պահուստերն ավելացան՝ հասնելով 4.1 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Դրամը արժևորվեց ավելի քան 20 տոկոսով 2022 թ.-ին։

Գնաճային ճնշումները 2022 թ. վերջից 2023 թ.-ի սկիզբը սկսեցին մեղմանալ։ Գնաճի ցուցանիշը 2023 թ. ապրիլին նվազեց՝ կազմելով 3.2 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), հիմնականում բազայի ազդեցությունների և սննդամթերքի ու տրանսպորտի գների արագ նվազման հաշվին։ Սակայն բնականոն գնաճը 2023 թ.-ի ապրիլին պահպանվեց գնաճի ցուցանիշից բարձր՝ 4.3 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) ։ Գնաճային ճնշումների հիմնական աղբյուրն անվանական աշխատավարձերի երկնիշ աճը և ծառայությունների գների աճն էին։

Հարկաբյուջետային դիրքը 2022. թ.-ին նշանակալիորեն բարելավվեց։ Հարկաբյուջետային դեֆիցիտի ցուցանիշը 2022 թ.-ին նվազեց բարձր եկամուտների և ծախսերի թերակատարման հաշվին՝ կազմելով ՀՆԱ-ի 2.1 տոկոսը։ Կենտրոնական կառավարության պարտքը նվազեց 14 տոկոսային կետով՝ կազմելով ՀՆԱ-ի 46.7 տոկոսը՝ պայմանավորված պակասուրդի նվազմամբ, բարձր անվանական աճով և փոխարժեքի արժևորմամբ։

Ծրագիրն ընդհանուր առմամբ նախատեսված հունով է ընթանում։ Դեկտեմբերի վերջի դրությամբ բոլոր քանակական կատարողականի չափորոշիչները (ՔԿՉ) և կողմնորոշիչ թիրախները (ԿԹ) կատարվել են, և լավ առաջընթաց է գրանցվել կառուցվածքային հենանիշերի (ԿՀ) կատարման ուղղությամբ։ Մարտի վերջի կատարողական հենանիշը, որը պահանջում էր Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) լիազորությունների, հաշվետվությունների ներկայացման, թափանցիկության և կենսունակության պահանջները հստակեցնող որոշման ընդունում, կատարվել է որպես սույն ամփոփիչ ստուգման նախապայման գործողություն։

2023 թ. -ի տնտեսական հեռանկարն ընդհանուր առմամբ դրական է, թեև նշանակալի ռիսկերը պահպանվում են։ Կանխատեսվում է ՀՆԱ-ի աճի տեմպի դանդաղում, սակայն սպասվում է, որ այն 5.5 տոկոս կպահպանվի՝ ուժեղ թափի, սպառման և ներդրումների շնորհիվ։ Ծառայությունների առևտրի և դրամական փոխանցումների բնականոն հուն վերադառնալով՝ ընթացիկ հաշվի պակասուրդի ընդլայնում է սպասվում։

Գնաճն ակնկալվում է, որ մեկ տարվա ընթացքում կկայունանա ՀՀ ԿԲ թիրախի՝ 4 տոկոսի մակարդակում։ Հեռանկարը ենթակա է բարձրացած ռիսկերի, որոնք բխում են արտաքին դժվարին միջավայրից, այդ թվում՝ տարածաշրջանի լարվածությունից, համաշխարհային ավելի խիստ ֆինանսական պայմաններից և խոշոր առևտրային գործընկերների աճի տեմպի դանդաղումից։

Մակրոտնտեսական քաղաքականությունն անհրաժեշտ է, որ կարճաժամկետ հեռանկարում կանխի տնտեսության գերտաքացումը՝ միաժամանակ միջնաժամկետ հեռանկարում աջակցելով ներառական և դիակայուն աճին։

Եթե աճը և եկամուտները կանխատեսվածից բարձր լինեն, հարկաբյուջետային բուֆերների կառուցումն առաջնահերթ կլինի։ Միևնույն ժամանակ, եկամուտների մոբիլիզացման ջանքերն անհրաժեշտ է շարունակել, այդ թվում՝ ընդլայնելով հարկման բազան և պայքարելով ոչ ֆորմալության դեմ։

Դրամավարկային քաղաքականության վճռորոշ և նախաձեռնողական խստացմամբ հաջողվել է հասնել գնաճային ճնշումների զսպման, սակայն դրամավարկային քաղաքականությունն անհրաժեշտ է, որ պահպանի զգոնությունն ու տվյալներից կախվածությունը։ Ֆինանսական հատվածի ռիսկերը, որոնք կապված են անշարժ գույքի ոլորտի հետ, պահանջում են ուշի ուշով մոնիթորինգ՝ վերահսկողական գործիքների հզորացմամբ։

Հայաստանի երկարաժամկետ աճի ներուժի բացահայտման համար՝ կառուցվածքային բարեփոխումների իրականացման հարցում շարունակական առաջընթացի կարիք կա, այդ թվում՝ խթանելով առևտրային կապերը և բազմազանեցումը, բարձրացնելով ֆինանսների մատչելիությունը, ավարտելով կառավարման բարեփոխումները և բարելավելով կլիմայի փոփոխությանը դիմակայունությունը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ