Последние новости

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԼՍՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ

ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանություն» թեմայով լսումներ են անցկացվել։

Լսումներին նախորդած հայտարարության մեջ նշվում է, որ արդեն 7 ամիս է՝ Լաչինի միջանցքը շրջափակված է, ապրիլի 23-ին էլ Ադրբեջանը խախտելով 2020 թվականի հրադադարի մասին համաձայնագիրը, ռազմական անցակետ է տեղադրել այնտեղ։ Ներկա պահին մի շարք միջազգային դերակատարներ, այդ թվում ԱՄՆ Պետդեպը, ջանքեր են գործադրում նոր մեծածավալ պատերազմի վտանգը նվազեցնելու համար։ Հիմնական հարցերից մեկը էթնիկ հայերի իրավունքների և անվտանգության պատշաճ պաշտպանությունն է Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ադրբեջանը ձգտում է վերահսկողություն հաստատել։

Շուրջ երկու ժամ տևած քննարկումների ընթացքում կոնգրեսական Ջիմ Մակգովերնը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ–ն ընդամենը երկու տարի առաջ պաշտոնապես ճանաչեց 1915-1917 թվականների Հայոց ցեղասպանությունը։ Ու թեև այդ վայրագությունները տեղի էին ունեցել ավելի քան 100 տարի առաջ, հայերից շատերը նմանություններ են գտնում այսօրվա իրավիճակի հետ։

«Հենց այդ համատեքստում են դիտարկվում և մեկնաբանվում Ադրբեջանի կառավարության կողմից վերջերս ձեռնարկած գործողությունները», – ասել է Մակգովերնը։

Կոնգրեսականի խոսքով` ադրբեջանական կողմը խոսում է Ադրբեջանի ինքնիշխանության մասին, քանի որ Լեռնային Ղարաբաղը միջազգային հանրության կողմից ճանաչվել է որպես նրա մաս։ Սակայն խնդիրն այն է, որ ԼՂ–ի հայ բնակչությունը, հասկանալի պատճառներով, իրեն խոցելի և վտանգված է զգում։

«Անհրաժեշտ է ապահովել քաղաքացիական բնակչության պաշտպանությունը, ինչը նշանակում է հնարավոր բոլոր միջոցները գործադրել հետագա լարվածությունը կանխելու համար, ինչը կարող է նոր պատերազմների և նոր վայրագությունների հանգեցնել», – ընդգծել է Մակգովերնը։

Մյուս խոսնակը` Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտի ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը հայտարարել է, որ եթե Պետդեպն ուզում է ԼՂ–ում խաղաղության հասնել, պետք է ապահովի Մարդասիրական միջանցնքերի մասին ակտի կատարումը, «Մագնիտսկու օրենքի» շրջանակում գլոբալ պատժամիջոցներ կիրառի, ինչպես նաև սահմանափակի երկակի նշանակության ապրանքների արտահանումը, պաշտպանի մշակութային ժառանգությունը, հետևի սադրանքներին և համակեցության այլ մոդելներ սահմանի։

«Հանձնաժողովի անդամները պետք է այցելեն ԼՂ–ի շփման գծի երկու կողմերը` փաստերը տեղում հաստատելու համար», – ասել է Ռուբինը։

Լսումների ժամանակ ելույթ է ունեցել նաեվ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը։ Նա նպատակահարմար է գտնում Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ հոդվածին վերադառնալը, որը արգելում է Ադրբեջանին զինտեխնիկայի վաճառքը։

«Լավ կլիներ դադարեցվեր Բաքվին թուրքական և իսրայելական զենքի վաճառքը», – ասել է Էվանսը։

Նա կոչ է արել ադրբեջանական կառավարության հետ ամենաբարձր մակարդակով քննարկել Բաքվի հետագա գործողությունները, ընդգծելով, որ Ղարաբաղի հայերի էթնիկ զտումներն անընդունելի են։

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն կոչ է արել դրանով չսահմանափակվել և սկսել կիրառել առկա դիվանագիտական գործիքները, այդ թվում` պատժամիջոցները, որպեսզի վերջապես վերջ դրվի այս «նպատակաուղղված ճգնաժամին»։

«Մեր երկիրը վճռորոշ դեր է խաղում այդ ագրեսիայի և զավթողական պահվածքի դադարեցման հարցում և կարող էր օգնել անմեղ արցախցիներին ապրել իրենց հողերի վրա, չվախենալով հարձակումից, և աջակցել ինքնորոշման նրանց ձգտմանը», – ասել է Փալոնեն։

Հաշվի առնելով հաջորդ շաբաթ Վաշինգտոնում Երևանի և Բաքվի միջև բանակցությունների վերսկսման ծրագրերը` նա հորդորել է Սպիտակ տան վարչակազմին թույլ չտալ, որպեսզի Ադրբեջանի ռազմատենչ պահվածքը թելադրի վերջնական համաձայնագրի պայմանները։ Դա, ըստ նրա, ամուր խաղաղություն չի բերի։

Մեկ այլ կոնգրեսական` Ադամ Շիֆը, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ժամանակ առ ժամանակ էթնիկ զտումների է ենթարկվում ավտորիտար Ադրբեջանի կողմից և կանգնած է Ցեղասպանության վտանգի առաջ։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է ուժ, սպառնալիքներ գործադրել և ահաբեկչություն իրականացնել՝ նպատակ ունենալով արտաքսել կամ բնաջնջել Արցախի քաղաքացիներին և վերահսկողություն հաստատել հայկական տարածքների վրա», – ասել է Շիֆը։

Նա վկայակոչել է ՄԱԿ–ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, որը ենթադրում է, որ բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։ Կոնգրեսականը հիշեցրել է, որ ԼՂ–ն դեռ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի է հանրաքվե անցկացրել և հռչակել իր անկախությունը։

Նրա կարծիքով` ԱՄՆ–ն պետք է աջակցի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և կանգնի նրա կողքին՝ հասնելու համար այն ճանաչմանը, որին արցախահայությունն արժանի է, ինչպես մյուս ժողովուրդները։

Ըստ կոնգրեսականի` ԱՄՆ-ն պետք է կոչ անի Բաքվին՝ անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, պատժամիջոցների և օգնության դադարեցման միջոցով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկի Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման համար։

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի 54 ներկայացուցիչներ կոնգրեսական Բարբարա Լիի գլխավորությամբ նամակ էին հղել պետքարտուղար Էնթոնի Բլինկենին` պահանջելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից դադարեցնել ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին և օգնել Լեռնային Ղարաբաղին։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ