Последние новости

ՈԶՆԻՆԵՐԻ ԱՅԳԻ` ԲԻԶՆԵՍ, ՈՐԸ ԿԱՌԱՎԱՐՎՈՒՄ Է ՆԱև ԵՐԿՆՔԻՑ. ՈՒՋԱՆԻ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՀՄԱՅՔԸ

Երկու եղբայր որոշեցին համատեղ բիզնես հիմնել ու տարածք գնեցին չրանոցի համար, բայց հետո իրենց ոտքով ոզնիներ եկան ու տարածքի տերն ու տիրակալը դարձան։ Sputnik Արմենիան այցելել է Արագածոտնի մարզի Ուջան գյուղ, որը 1 տարի առաջ զբոսաշրջային հետաքրքիր գրավչություն ձեռք բերեց։

ПАРК ЕЖЕЙ В УДЖАНЕ

Մասնագիտությամբ տնտեսագետ Արտակն ու իր իրավաբան եղբայրը` Արմանը, տարիներ առաջ որոշեցին համատեղ բիզնես հիմնել, որը հարմար կլիներ նաև ընտանիքներով հանգստանալու համար։

«Չրանոցի գաղափար ունեինք։ Երբ քննարկում էինք, թե ինչ լոգոյով լինի մեր ապրանքանիշը, ոզնին ընտրեցինք։ Դե, որովհետև մուլտֆիլմերից, գրքերից ոզնին ասոցացվում է մրգերի հետ` փշերի վրա դրած տանձ ու խնձոր է տանում։ Մենք այսպես գաղափարը ձևակերպեցինք` մրգերը կբերեր ոզնին, մենք էլ չիր կսարքեինք»,– պատմում է Արտակ Մարտիրոսյանը։

Տարածքի հարցում ընտրությունը կանգ առավ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի վրա, որտեղ հաճախ էին լինում հայրենի Գյումրի գնալիս։ Հող գնեցին, իսկ երբ մի անգամ ծառի տակ ձագուկների հետ թաքնված ոզնի նկատեցին, հասկացան, որ ոզնու գաղափարն ավելի է ամրապնդվում։

«Մի օր աղջիկս եկավ, ասաց` պապա, գիտե՞ս, որ ոզնին մռութիկ ունի։ Դե, քանի որ ոզնին հենց մարդ է տեսնում, գունդուկծիկ է լինում, մռութիկը չի երևում։ Մտածեցինք` ճիշտ կլինի, որ ոզնիների հետ շփումը միայն մեր երեխաների համար չպահենք, այլ բոլոր երեխաները գան, շփվեն»,– պատմում է Արտակը։

Տարածքը բարեկարգելու ընթացքում այգում ոզնիների թիվը գնալով ավելանում էր` եղբայրների միտքը չրանոցից սահուն կերպով վերափոխելով «Ոզնիների այգու» գաղափարի։ Այգի, որտեղ կարելի էր լավ ժամանակ անցկացնել, սնվել ու հանգստանալ։

«Ոզնիները պոպուլյար դարձան, սա անսպառ մարքեթինգային թեմա է։ Շուն, կատու մեկը սիրում է, մյուսը` չէ, բայց երբ ասում ես` ոզնի, բոլորի դեմքին ժպիտ է հայտնվում»,– ասում է Արտակը։

Դեռ «Ոզնիների այգին» չբացված` մեկը մյուսի հետևից փորձություններ սկսվեցին ոչ միայն երկրի համար, այլև Մարտիրոսյան ընտանիքում։ Արմանի մոտ քաղցկեղ ախտորոշվեց, ու սկսվեց պայքար երկու ճակատով` ընդդեմ հիվանդության և հանուն այգու գաղափարի։ Ցավոք, 2020 թվականին Արմանը չհաղթահարեց հիվանդությունը։

«Երկրի վրա մնացի մենակ։ Կոտրվել էի, ոչ մի բան շարունակելու ցանկություն չկար։ Մեր այգին կարգախոս ունի. «Ոզնիների այգի` բիզնես, որ կառավարվում է նաև երկնքից»։ Այ, դա զգացի, սթափվեցի, ուժ գտա իմ մեջ, հասկացա, որ գաղափարը պետք է իրականացվի։ Ընդունեցի եղածը ոնց կար ու շարունակեցի հարմարվել իրականությանը»։

2022 թվականին «Ոզնիների այգին» բացեց դռները հյուրերի առաջ։

«Ի՞նչ է «Ոզնիների այգին»»,– հարցնում եմ Արտակին։

«Բիզնես, որովհետև մի անգամ դեռ չէինք էլ բացվել, հարկայինը մեզ տուգանեց, ճիշտ է` հետո դատը շահեցինք»,– կատակում է Արտակը։

Հետո ավելացնում է` այգին գաղափար է, որ դարձավ երազանք ու այդպիսին էլ մնաց։

«Միշտ ցանկացել եմ եզակի մի բան ստեղծել։ Բայց մտքովս չէր անցնում, որ ոզնիների այգի կլինի։ Երազանքն իրականություն դարձավ, բայց անընդհատ երազելու տեղ է տալիս, միշտ մի նոր բան ավելացնելու, ստեղծելու։ Սա անսպառ երազանք է»։

Աշխատանքի հիմքում նաև սոցիալական գործոնն են դրել. վաճառում են միայն աուտիզմ ունեցող երեխաների արտադրած անձեռոցիկներ, համագործակցում են Զբաղվածության կենտրոնի հետ, որ կարողանան աշխատանքով ապահովել իսկապես աշխատանքի կարիք ունեցող մարդկանց։

Իսկ ոզնիներն այգում հիմա ամենուր են։ Նրանք վազվզում են ոչ միայն հատուկ ցանկապատված տարածքում, այլև այգում։ Ոզնիներն այստեղ գլխավոր դերում են նաև խոհանոցում։ Ոչ, ո՛չ խոհարարն են, ո՛չ էլ հյուրերի սեղանին են հայտնվում, ուղղակի ճաշատեսակների մեծ մասը նրանց «պատվին է»` ոզնու տեսքով գաթա, շոկոլադ և այլն։

«Մեզ շատերը սկսել են նաև ոզնի նվիրել։ Այս կողմերում շատ են լինում, ճանապարհ են դուրս գալիս, երբեմն մեքենայի տակ ընկնում։ Հիմա լինում է, որ մարդիկ բերում են, ասում են` տեսանք ճանապարհին, մտածեցինք` ձեզ մոտ լավ կլինի։ Ուզում ենք ակցիա անել` ովքեր մեզ ոզնի նվիրեն, մենք էլ իրենց ոզնու տեսքով գաթա նվիրենք»։

Այս ժամանակահատվածում ոզնիների մասին բազմաթիվ հետաքրքիր բացահայտումներ են արել։ Առաջին «մեծ հիասթափությունը» ոզնիների սնունդն էր. մանկական պատկերացումները «փլվեցին», երբ իմացան` ոզնին մրգի սիրահար չէ, փոխարենը հում միս է ուտում։

«Ու նաև չգիտեի, որ օձի հետ պայքարում միշտ ոզնին է հաղթում։ Անգամ եթե օձը կարողանա կծել ոզնուն, պարզվում է` իրենք իմունիտետ ունեն թույնի դեմ։ Տնտեսագետից դարձա ոզնի բուծող։ Լինում է, որ լուրջ մարդիկ զանգում են, ասում` մեր այգում ոզնի ունենք, ախորժակ չունի էս քանի օրը, ինչ կարող ենք անել։ Ես էլ շատ լուրջ խորհուրդներ եմ տալիս»։

Ասում է` շատ մարդամոտ են, շփվող։ Ոզնիների հետ խաղաղ համակեցությամբ ապրում են նապաստակները, ճագարները, աղվեսներն ու սիրամարգերը։

Ոզնիները նաև խելացի են ու խորամանկ։ Արտակը մի զավեշտալի դեպք է հիշում։

«Ցանկապատը կառուցում էինք, շինարարը մեխերից մեկը չէր ձգել, գործիքի մարտկոցը նստել էր, խոսում էինք այդ մասին, ասաց` առավոտյան կգամ, կամրացնեմ։ Առավոտյան եկավ, տեսավ` հենց էդ մի հատիկ պտուտակը ոզնին քանդել, փախել էր։ Մտածում էինք` ոնց էր գլխի ընկել, թե որ մեկը, հիշեցինք, որ երբ խոսում էինք, ինքը կողքներովս էր անցնում, երևի էդ ժամանակ էր լսել»,– կատակում է Արտակը։

Վերջերս նրանց ոզնիների ընտանիքը բացառիկ անդամով է համալրվել` կարմիրգրքյան երկարականջ ոզնով։ Տղա է, հույս ունեն ընկերուհի գտնել ու բազմացնել։

Ինչպես Արտակն է ասում` հավակնոտ ծրագրեր շատ ունեն. ցանկանում են ոզնիների այգիներ ստեղծել ոչ միայն տարբեր մարզերում, այլև աշխարհի տարբեր երկրներում, որ ոզնիներն ամենուր հայտնի դառնան։

Մարիաննա ՓԱՅՏՅԱՆ, Sputnik Արմենիա

 

 

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ