Последние новости

«Սուրմալու»-ի պայթյունի գործը դատարանում է. հայտնի է, թե որ դատարավորն է քննելու

«Սուրմալու» առևտրի կենտրոնում նախորդ տարվա օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական պայթյունի գործը մտել է դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական-տեղեկատվական համակարգից:

Գործը քննվելու է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:

Նշենք, որ ամբաստանյալի կարգավիճակում է 3 անձ՝ Վահագն Հովհաննիսյանը, Գարիկ Վարդանյանը և Մհեր Մարգարյանը: Վահագն Հովհաննիսյանը վարչական հսկողության տակ է, Գարիկ Վարդանյանի նկատմամբ բացակայելու արգելք է սահմանվել, Մհեր Մարգարյանի նկատմամբ՝ գրավ է կիրառվել:

Ըստ մեղադրանքի՝ Վահագն Հովհաննիսյանը «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն Իրինա Էդուարդի Մադաթովայի հետ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված՝ «Առևտրի իրականացման վայրի առևտրի օբյեկտների, վաճառատեղերի և պահեստների տրամադրման» պայմանագրով Առևտրի կենտրոնում վարձակալելով Ընկերության՝ Երևան քաղաքի Արշակունյաց 15 հասցեում գտնվող Առևտրի կենտրոնի առևտրի իրականացման վայրի թիվ 6 պահեստային (սառնարան) տարածքը և նույն պայմանագրի 2.4.3 կետի պահանջների համաձայն՝ ստանձնելով վարձակալած տարածքի անվտանգ շահագործման, հակահրդեհային և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման և իր մեղքով պատճառված վնասի դեպքում՝ պատճառված վնասը փոխհատուցելու պարտավորությունները, խախտել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի № 595-Ն հրամանով հաստատված «Հրդեհային անվտանգության կանոնների» և ՀՀ ներքին գործերի նախարարի՝ 2002 թվականի մայիսի 27-ի թիվ 241 հրամանով հաստատված՝ «Հրագործական արտադրատեսակները պահելու և դրանք զանգվածային միջոցառումների ժամանակ օգտագործելու» պահանջները, որի հետևանքով 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով անզգուշությամբ կյանքից զրկվել են ընդհանուր 17 անձինք, ինչպես նաև առաջացել է այլ ծանր հետևանքներ:

Գարիկ Վարդանյանը հանդիսանալով Վահագն Հովհաննիսյանի ընկերը, վերջինի կողմից Առևտրի կենտրոնի տարածքում, Վահագն Հովհաննիսյանի և Մհեր Մարգարյանի հետ համատեղ պահեստավորել է հրագործական արտադրատեսակներ՝ այդ կերպ դրսևորելով հանցավոր անփութություն, այն է՝ չի նախատեսել իր գործողությունների արդյունքում ուրիշ մարդու մահվան առաջացումը, սակայն պահեստներում պահվող հրագործական արտադրատեսակների քանակությամբ և պահման հատուկ կարգով պայմանավորված՝ պարտավոր էր և կարող էր դա նախատեսել, եթե գործեր ավելի զգույշ, որով խախտել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի № 595-Ն հրամանով հաստատված «Հրդեհային անվտանգության կանոնների» և ՀՀ ներքին գործերի նախարարի՝ 2002 թվականի մայիսի 27-ի թիվ 241 հրամանով հաստատված՝ «Հրագործական արտադրատեսակները պահելու և դրանք զանգվածային միջոցառումների ժամանակ օգտագործելու» պահանջները:

Մհեր Մարգարյանը հանդիսանալով Վահագն Հովհաննիսյանի ընկերը, վերջինի կողմից առևտրի տարածքում, Վահագն Հովհաննիսյանի և Գարիկ Վարդանյանի հետ համատեղ պահեստավորել է հրագործական արտադրատեսակներ՝ այդ կերպ դրսևորելով հանցավոր անփութություն:

Նշենք, որ գործով տուժողները դժգոհ են և՛ գործի նախաքննության ընթացքից և ԱԱԾ քննիչի՝ նախաքննության ավարտ հայտարարելու մասին որոշումից:

Օգոստոսի 14-ին լրացել է 16 անձի մահվան և մեկի անհետ կորելու պատճառ դարձած «Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգական պայթյունի մեկ տարին:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում հրդեհից զոհված 72-ամյա Արտավազդ Հայրապետյանի որդին՝ Համբարձում Հայրապետյանն ասել էր, որ դեպքի իրական մեղավորները չեն պատժվել, փոխարենը կալանքի տակ են անձինք, որոնք ուղղակի ենթականեր են եղել:

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 14–ին տեղի էր ունեցել ողբերգական պայթյուն, որի հետևանքով 16 մարդ զոհվել է, մեկ քաղաքացի էլ ճանաչվել է անհետ կորած։

Նշենք, որ 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով հարուցված քրեական գործը միացվել է 2022 թվականի օգոստոսի 14-ին նույն հասցեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախաձեռնված քրեական վարույթին: Այն սկզբում քննվում էր Քննչական կոմիտեում, սակայն վերջերս գործը փոխանցվել էր ԱԱԾ-ին:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ