Последние новости

Լանջիկի վթարից 11 օր անց մահացել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Էդուարդ Քոլոյանը

Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է։ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երիտասարդի կյանքը:

Նշենք, որ Mediahub-ի տեղեկություններով` մահացածը 23-ամյա Էդուարդ Քոլոյանն է, որի նշանածը` 24-ամյա Ամալյա Մնացականյանը, մահացել էր նույն օրը։ Քոլոյանի վիճակը բժիշկները գնահատում էին ծայրահեղ ծանր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամալյա Մնացականյանը Գեղարքունիքի մարզից էր, սակայն ապրում էր Երևանում։ Նա սովորել էր Երևանի Բրյուսովի պետական համալսարանում։ Աշխատել է «Դասավանդի՛ր Հայաստան»–ում` որպես ընտրության թիմի փորձնակ։ Կազմակերպությունում նրան ներկայացնում են որպես խանդավառ, եռանդուն և նվիրված աշխատակից։ Ամալյան ճանապարհորդության էր մեկնել իր նշանածի` 23-ամյա Էդուարդ Քոլոյանի հետ։ Պետք է Արևմտյան Հայաստանում Ամալյայի ծնունդը նշեին, հաջորդ տարի էլ պլանավորել էին ամուսնանալ։

Տեղեկացվում է, որ տուժածներից մեկը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը կայուն ծանր է, բարելավում է նկատվում:

Բժշկական կենտրոնների տարբեր բաժանմունքներում բուժում ստացող 3 տուժածի առողջական վիճակը գնահատվում է կայուն կամ միջին ծանրության:

Հիշեցնենք` օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։ Խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ