Последние новости

Անհապա՛ղ գումարեք ՄԱԿ-ի ԱԽ նիստ․ քաղաքացիների ուղերձը՝ Բայդենին

«ԲԱՑՈՒՄ» քաղաքացիական նախաձեռնությունը ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին

Հարգելի՛ նախագահ Ջո Բայդեն,

Ձեզ՝ որպես մարդու հիմնարար իրավունքների, ժողովրդավարության և միջազգային կանոնների հաստատակամ ջատագովի «ԲԱՑՈՒՄ» քաղաքացիական նախաձեռնությունը շտապ կոչ է անում Ձեր հարգարժան առաջնորդությամբ անհապաղ գումարել Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստ: Համաշխարհային հանրության ուշադրությունն այժմ հրավիրված է Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) հայ ժողովրդի առջև ծառացած ճգնաժամային իրավիճակի վրա։

Բերձորի (Լաչին) միջանցքի վերաբերյալ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ փետրվարի 22-ի (վերահաստատվել է 2023թ հուլիսի 6-ին) իրավապարտադիր որոշումները ընդգծում են հարցի հրատապությունը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ սթ օգոստոսի 16-ի նիստում հանդես եկած բազմաթիվ երկրների կողմից արտահայտված ճնշող աջակցությունը կրկնում է այս հումանիտար ճգնաժամը լուծելու հրամայական անհրաժեշտությունը:

ՄԱԿ առաքելությանը և Միացյալ Նահանգների կողմից հաստատված սկզբունքներին համահունչ՝ մենք կոչ ենք անում ընդունել վճռական բանաձև, որը կանդրադառնա հետևյալ կենսական կետերին.

մարդասիրական օգնության փոխանցում. իրականացնել մարդասիրական օգնության անհապաղ առաքումը Բերձորի միջանցքով: Ժամանակին գործողությունները չափազանց կարևոր են հումանիտար իրավիճակի է՛լ ավելի վատթարացումը կանխելու համար։ Այլընտրանքային ճանապարհները նսեմացնում են արցախցիների ազատ կամարտահայտումը և լեգիտիմացնում Ադրբեջանի ու վերջինիս հովանավորների կողմից խաթարված կենսական միջանցքի արգելափակման փաստը՝ հիմնախնդրի էությունը քաղաքականից նենգափոխելով սոսկ հումանիտարի։

Բերձորի միջանցքի բացում և անխափանության ապահովում. բացել Բերձորի միջանցքը, որպեսզի ապահովվի Արցախի հայ ժողովրդին անհրաժեշտ մարդասիրական օգնության առաքումը, ստեղծելով երաշխիքներ դրա հետագա անխափան գործունեության համար: Այս փրկօղակը էական նշանակություն ունի հայության տառապանքը թեթևացնելու և բնակչության հիմնական կարիքները բավարարելու համար:

Պատասխանատվության հաստատում. վկայակոչելով «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիան՝ Ադրբեջանի ղեկավարությանը և նրա հանցակիցներին պատասխանատվության ենթարկել Արցախի հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու համար: Միջազգային հանրությունը պետք է համախմբված լինի նման զազրելի խախտումների և խոշտանգումների դեմ։

Խախտված իրավունքների վերականգնում. հաստատել Արցախի հայ ժողովրդի իրավունքները, ներառյալ նրա կյանքի ու քաղաքական ինքնորոշման անքակտելի իրավունքը։ Այս հիմնաքարային սկզբունքը որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք՝ պետք է ճանաչվի և հարգվի։

Որպես մարդու իրավունքների և ազատությունների առաջամարտիկ ջատագով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնորդությունն այս կարևոր նախաձեռնություններին պաշտպանելու գործում առաջնային է: Աշխարհը նայում է արդարության և խաղաղության հանդեպ Ձեր հանձնառությանը, ինչի օրինակն է Ձեր ազգի պատմական նվիրվածությունը:

Մենք դիմում ենք Ձեզ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ համախմբելով միջազգային հանրությանը այս հրատապ խնդիրների լուծման համար: Արցախի հայ ժողովուրդն արժանի է ոչ պակաս, քան իր իրավունքների պաշտպանությանն ու արժանապատիվ ապագայի ապահովմանը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ