Последние новости

Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողով՝ Երևանում. ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր

Սեպտեմբերի 18-ին նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողովին, որը կազմակերպվել էր «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի կողմից։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

«ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառությունը տարեցտարի ավելանում է, ինչի մասին են վկայում վիճակագրական տվյալները։ Այսպես, Հայաստան-ԱՄԷ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2022 թ կազմել է առավել քան 1 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ 2023 թ հունվար-հուլիսին այդ ցուցանիշն արդեն իսկ կազմել է շուրջ 870 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3 անգամ»,- նշել է Վահան Քերոբյանը։

Միջոցառմանը ելույթով հանդես են եկել նաև ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան, «Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը և ԱՄԷ պատվիրակության ղեկավար, ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի նախագահ Աբդուլլահ Ալ Մազրուին։

Համաժողովի շրջանակներում ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր «Էնթերփրայզ Արմենիայի» և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ԱՄԷ գործարար կանանց խորհրդի միջև։

Համաժողովի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են Հայաստանի ներդրումային գրավչությունն ու բիզնես հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանում էմիրաթական կապիտալով գործող ընկերությունների հաջողության պատմությունները։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ