Последние новости

Գերմանիայի ԱԳՆ. Ղարաբաղից հայերի արտագաղթն անընդունելի է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանը ընտրել է ռազմական ուժի ուղին։ Մենք ակտիվ կերպով դատապարտում ենք Բաքվի հարձակումը և կոչ ենք անում լիովին դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն։ Ընդամենը երկու օրվա ընթացքում շատ մարդիկ են մահացել, հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ընթացքում։

 


«Մենք ի գիտություն ենք ընդունել հրադադարի մասին հաղորդագրությունները, բայց այն, ինչ հիմա անհրաժեշտ է, բռնության ամբողջական դադարեցում է։ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղում բնակվող խաղաղ բնակչության, հատկապես երեխաների պաշտպանության լիարժեք ապահովման համար։

Էթնիկ հայերի արտագաղթը Ղարաբաղից անընդունելի է։

Չի կարելի կասկածի տակ դնել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը.

Դժվար է պատկերացնել, թե ինչ դժվարություններ ու տառապանքներ են կրում Լեռնային Ղարաբաղի բնակիչները Բաքվի իշխանությունների կողմից Լաչինի միջանցքը պարզապես փակելու ամիսներին։ Խանութները դատարկ են, դեղ չկա, լույս ու վառելիք չկա։

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք ինտենսիվ աշխատել ենք բազմաթիվ գործընկերների հետ՝ ապահովելու մարդասիրական հասանելիությունը կարիքավորների, հատկապես հղիների, հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների համար:

Եվ հենց այն պահին, երբ հույս կար, որ հնարավոր կլինի մարդասիրական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ, Բաքուն խախտեց իր մշտական ​​հավաստիացումները, թե ուժ չի կիրառի: Սա արդեն իսկ ծանր պայմաններում ապրող բնակչության համար լուրջ տառապանքներ է պատճառել։

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արժանի է ապրելու անվտանգության և իրավունքների պաշտպանության պայմաններում։

Լաչինի միջանցքի բացումը մնում է չափազանց կարևոր մարդասիրական նկատառումներով, բայց ոչ միայն։ Այն նաև մշակութային և սոցիալական կամուրջ է Ղարաբաղում ապրող էթնիկ հայերի համար:

Բաքուն և Ղարաբաղի հայերը երկխոսության կարիք ունեն. Այս տարածաշրջանում ապրող ժողովուրդը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության կարիք ունի։

Դրան կարելի է հասնել միայն բանակցությունների սեղանի շուրջ։

Ես խստորեն կոչ եմ անում ձեզ վերադառնալ բանակցություններին Եվրամիության միջնորդությամբ։

Լեռնային Ղարաբաղի և ողջ տարածաշրջանի տղամարդիկ, կանայք և երեխաները արժանի են ապրել առանց վախի, որ բռնություն կարող է սանձազերծվել, նրանց կարող են արտաքսել իրենց տներից, զրկել իրավունքներից, լեզվից, կրոնից: Նրանք արժանի են խաղաղ կյանքի։

Ոչ մի երկիր չպետք է օգտագործի այս իրավիճակը Հայաստանում ժողովրդավարությունը ապակայունացնելու համար»,- ընդգծել է Գերմանիայի արտգործնախարարը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ