Последние новости

ՍՏՈՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ

Թվում էր, թե 1988-ից հետո տեսել էինք ամեն ինչ։ Հատկապես 2018-ից՝ «սիրո և համերաշխության հեղափոխությունից» հետո։ «Հեղափոխություն», որը իշխող կուսակցության թավշե ձեռքերում հանգեցրեց մարդկային հազարավոր կյանքերի կորստի, չենք խոսում արդեն տարածքային կորուստների, Արցախի կորստի մասին։ Հակիրճ և բոլորից լավ արտահայտվել է հենց նիկոլական դատարանի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանը։ Հիշում ենք նրա հայտնի արտահայտությունը. «Պետք է հեռացնել նրան, որպեսզի այլևս կորուստներ չլինեն, որպեսզի մարդիկ այլևս չզոհվեն»: Չհեռացրեցինք: Քաղում ենք արդյունքը։

ԹՎՈՒՄ ԷՐ, ԹԵ ՏԵՍԵԼ ԵՆՔ ԱՄԵՆ ԻՆՉ: ԲԱՅՑ ՍՏՈՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆՆ ԱՆՍՊԱՌ Է։ Հասկանում ես դա, երբ լսում ես Սամվել Բաբայանին։ Երբեմնի «հրամանատարին», իսկ այժմ Նիկոլի կամակատարին։

Երիտասարդներից ոչ բոլորը գիտեն նրա կենսագրությունը։ Ղարաբաղցի հասարակ տղա էր, երբ սկսվեց Հայաստանի հետ Արցախի վերամիավորման շարժումը։ Արցախյան առաջին ազատամարտի տարիներին լավ դրսևորեց իրեն, նշանակվեց Արցախի պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար։ Պատերազմի ավարտից հետո նշանակվեց չճանաչված հանրապետության պաշտպանության առաջին նախարար, բայց «փառքի» փորձությանը չդիմացավ, իրեն ամենակարող երևակայեց. Ղարաբաղում անում էր՝ ինչ կամենար։

Երևանի և Ստեփանակերտի իշխանությունները որոշեցին տեղը դնել կապը կտրած գեներալին։ Ի պատասխան՝ նա ձախողված մահափորձ կազմակերպեց Արկադի Ղուկասյանի դեմ։ Բաբայանին դատեցին, դատապարտեցին 14 տարվա ազատազրկման։ Բայց առաջնորդվելով «շան որդի է, բայց մեր շան որդին է» բանաձևով՝ 4 տարի անց ազատ արձակեցին։ Այնուամենայնիվ կռված տղա էր, իրենց զինակիցը։

Ինչով ասես, որ չի զբաղվել հետո։ Փորձել է իրեն և՛ բիզնեսում՝ Հայաստանում ու Ռուսաստանում, և՛ քաղաքականության ոլորտում, աջակցել մի շարք քաղաքական միավորումների։ 2017-ին «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգի ապօրինի գնման և փողերի լվացման համար դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, սակայն հաջորդ տարի ազատ է արձակվել «մեր շան որդու» արդեն հիշատակված բանաձևով: Այնուամենայնիվ կռված տղա է, զինակից։

Եվ ահա, Սամվել Բաբայանի երկրորդ աստեղային ժամը վրա հասավ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով։ «Աբիժնիկը» հեռվից է տեսնում իր նմանին։ Երկու «աբիժնիկ» իրար գտան, և այդ ժամանակից ի վեր խաղում են իրար «պաս տալով»:

Սամվել Բաբայանն ասում էր, թե ինքը վերջինը կլինի, ով կլքի Արցախը, մինչդեռ առաջինն էր Արցախի ռազմաքաղաքական շրջանակներից, որ հեռացավ այնտեղից։ Նա Փաշինյանին պետք է այստեղ, ուստի ադրբեջանական անցակետում Բաբայանին բոլորովին չխոչընդոտեցին։ Բաբայանը պետք է Նիկոլին, որպեսզի օգնի բարձրացնել վերջինիս փլուզված վարկանիշը, որը Երևանում կազմում է 9%, և ողջ հանրապետությունում էլ դժվար թե 10%-ից ավելի լինի

Իսկ որպեսզի օգնի իշխանությանը վերականգնել կորցրած դիրքերը, սկզբի համար պետք է մեծ խառնակչություն մտցնել։ Վաղուց հայտնի բաղադրատոմս, որն առավել քան բնորոշ է Նիկոլին, քանզի վերջինս իրեն ջուրն ընկած ձկան պես է զգում հենց խառնակչության և քաղաքական տարատեսակ բանսարկությունների մեջ։ Դա նրա տարերքն է, քանզի հենց այդ ժամանակ է, որ ավելի հեշտ է մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց՝ օգտագործելով պետական ապարատի և հավատարիմ ԶԼՄ-ների հնարավորությունները:

Եվ ահա Սամվել Բաբայանը օգնության է շտապում և Ալիևի հավանությամբ անարգել մտնում Հայաստան, որպեսզի դժգոհության ալիք բորբոքի Արցախի ռազմաքաղաքական վերնախավի դեմ, այդ կերպ վրեժ լուծելով Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից, Արկադի Ղուկասյանից, Բակո Սահակյանից: Նախկին հրամանատարն արդեն գործի է անցել և դավաճանական զառանցանք է բարբաջում Պետրոսի եթերում։ Առանց մարտի Ադրբեջանին հանձնած զինտեխնիկայի ծավալների մասին, այն մասին, թե ինքը ադրբեջանցիների հետ պայմանավորվել էր Արցախի ինքնավարության մասին, բայց Լեռնային Ղարաբաղի իշխանությունները չեն ընդունել իր ծրագիրը։ Բաբայանի այս երկու պնդումները՝ Բաքվին հանձնած 100 տանկերի և Արցախի ինքնավարության մասին, առաջին հերթին հերքում են հենց ադրբեջանական աղբյուրները։ Դրանք շատ ավելի փոքր թիվ են նշում իրենց փոխանցված տեխնիկայի վերաբերյալ և միանշանակ խոսում այն մասին, որ Արցախի ինքնավարության շուրջ բանակցություններ ոչ մեկի հետ չեն ընթացել և չեն էլ նախատեսվել։ Երազում է տեսել «հրամանատարը»:

Արցախի դիմադրության մասին պերճախոս վկայում են կրկին իսկ ադրբեջանական աղբյուրները։ Այսօր նրանք արդեն խոստովանում են, որ ռազմական գործողությունների մեկ օրվա ընթացքում կորցրել են մոտ 200 զինծառայող, ավելի քան 500-ը վիրավորվել են։ Եվ դա ադրբեջանական զինուժի ճնշող գերազանցության պայմաններում՝ ինչպես ռազմական գործողություններում ներգրավված կենդանի ուժի քանակի, այնպես էլ սպառազինության որակի առումով։ ԼՂՀ Պաշտպանության բանակի նախապես նշանառության տակ առնված դիրքերը ռմբակոծում էին օդից, հրետակոծում համազարկային կրակի հրթիռային համակարգերով և այդուհանդերձ բազմապատիկ ավելի մեծ կորուստներ կրում, քան նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստանի դեմ ձեռնարկված ագրեսիայի ժամանակ:

Այսօր Բաբայանը հանձնում է յուրայիններին։ Պետրոսի, նույնիսկ Պետրոսի տարակուսած հարցին, թե ինչու պիտի Արցախի իշխանությունները, եթե հավատանք Բաբայանին,  հանձնեին Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին, վերջինս ավելի լավ բան չգտավ, քան ասել, թե նրանք դա անում էին հանուն փողի... Հանուն փողի, Բաբայանի պրիմիտիվ խելքով, Արցախի ռազմաքաղաքական վերնախավը ծրագրված հանձնում էր Արցախը Ադրբեջանին... Ամեն ոք դատում է ըստ իր պատկերի ու նմանության:

Ասենք, ի՞նչ պահանջես Սամվել Բաբայանից, երբ Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ մի ամբողջ խոսնակ, երկրի երկրորդ դեմքը Հանրային հեռուստաընկերության եթերում խուճապահար բարբաջում է բացահայտ զառանցանքներ, թե իբր՝ 2020-ին 44-օրյա պատերազմը սկսվեց այն պատճառով, որ Ռուսաստանը պատրաստվում էր 2022-ին պատերազմել Ուկրաինայի դեմ, ուստի, իմանալով, որ իր ճանապարհները կփակեն, ուզում էր դեպի Թուրքիա միջանցք բացել Ադրբեջանի և Հայաստանի միջով...

Վերադառնանք մեր հերոսին: Բաբայանը, որն առաջիններից մեկն էր, որ ծլկեց Արցախից, արդեն բարոյականության բոլոր սահմանները ոտնահարելով՝ ասում է, թե Մոսկվան Բաքվին խնդրում է Արցախից դուրս բերել Ռուբեն Վարդանյանին... Եթե Մոսկվան ցանկանար դուրս բերել Վարդանյանին, եթե վերջինս, Բաբայանի պես, կամենար ամեն գնով փախչել Արցախից, ապա դա կես ժամում լուծվող հարց կլիներ։ Միայն անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի բանակային ավիացիան 16 չվերթ է իրականացրել Արցախից Հայաստան։ Եվ հաստատ ոչ մի խնդիր չէր լինի, եթե այդ չվերթներից մեկով Արցախից հեռանար Ռուբեն Վարդանյանը։

…Դե, ահա։ Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է ադրբեջանական անցակետում։ Ադրբեջանցի սահմանապահներն ավելի զգոն գտնվեցին, քան երբ տարհանում էին «հրամանատարին»։ Ի՞նչ կարելի է ասել: Փա՛ռք Սամվել Բաբայանին: Փա՛ռք Նիկոլ Փաշինյանին։ Փա՛ռք «Քաղաքացիական պայմանագրին»։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • МЕДВЕДЬ ТОЛЬКО РАНЕН
    2025-05-17 10:10

    Деятельность оппозиции, как отдельных ее политических команд, так и в целом, в последние дни часто становится объектом критики. Главный тезис критики: вина оппозиции в том, что до сих у власти остается эта самовлюбленная команда амбициозных политиков во главе с Пашиняном, которая принесла Армении столько бед. Но надо помнить о большой эйфории, которая господствовала в обществе, когда эта команда приходила к власти. Это было следствием определенных просчетов прежних властей, но также и результатом работы, проводимой с общественным мнением республики рядом враждебных Армении структур: как в открытую, так и через подставные фигуры, часть которых и не подозревала, чьи интересы обслуживает.  

  • ПЛЮС АМБАЛИЗАЦИЯ ВСЕЙ СТРАНЫ
    2025-05-14 09:19

    С одной стороны, Пашинян поехал на Парад Победы в Москве. С другой стороны, чтобы в Европе, которая во главе с британскими спецслужбами является главной крышей Пашиняна, не обиделись, премьер развернул на своих агитационных ресурсах беспрецедентную кампанию по дискредитации роли СССР в победе стран коалиции во Второй мировой войне. Это у него называется "политикой балансирования".

  • НОВЫЙ ГЕРОДОТ
    2025-05-13 11:05

    Уже говорили о «гениальном открытии» Арцруна Ованнисяна, согласно которому Гитлер планировал после взятия Сталинграда, а затем Кавказа с двух сторон напасть на Турцию со стороны Болгарии и со стороны Армении. Причем на стороне Гитлера с уже независимой Армении предполагалось также участие армянских военных подразделений. В результате должна была быть создана «единая, историческая Армения», но Сталинградская битва, точнее поражение немцев в ней, помешали этому замыслу... Глупость, конечно, редкая, но, увы, не единственная выданная Арцруном 9 мая в эфире у Петроса. Пройдемся по другим "открытиям" новоявленного историографа.  

  • И СНОВА СТАМБУЛ
    2025-05-12 11:15

    15 мая в Стамбуле ожидается встреча российской и украинской делегаций. С таким предложением выступил президент РФ Владимир Путин по окончании торжественных мероприятий в связи с 80 годовщиной Великой Победы. После Парада Победы, уже за полночь, он заявил об этом российским и иностранным журналистам, отметив роль тех стран, которые стараются внести свою лепту в урегулирование украинского конфликта: от Китая и Бразилии до новой администрации США.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ