Последние новости

ՀՀ ԱԺ–ն վավերացրեց Հռոմի ստատուտը

ՀՀ ԱԺ–ն կողմ 60, դեմ 22, ձեռնպահ 0 ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեմ քվեարկեցին։

Քվեարկությունից առաջ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը վարման կարգով հայտարարեց, որ ՀՀԿ–ն երկու անգամ հայտարարությունէ տարածել, որ դրա անգամ քննարկումն արդեն իսկ հակասում է ՀՀ սահմանադրությանը։

«Այն որևէ օգուտ չի կարող տալ ՀՀ–ին` բացի վերահաս վտանգներից։ Բացի այդ, ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան այն չեն ստորագրել»,– ընդգծեց նա։

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր հերթին հայտարարեց, որ այս նախագիծը հակասահմանադրական ընթացքով է ներկայացվում։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վստահեցրեց, որ Արցախում այն, ինչ տեղի է ունենում, իրենք անվանում են էթնիկ զտում, միջազգային իրավունքի լեզվով կոչվում է մարդկայնության դեմ ուղղված հանցագործություն։

«Դրա արդյունքում մեր հայրենակիցների մի ստվար խումբ, զրկվելով հայրենիքից, հայտնվել է ՀՀ իրավազորության ներքո գտնվող տարածքում։ Սա հիմք է տալիս, որ այս հարցը բարձրացնենք ՄԱԿ–ի միջազգային քրեական դատարանում։ Նախագիծը բխում է ՀՀ և հայ ժողովրդի շահերից»,– հայտարարեց նա։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդգծեց, որ այս համաձայնագրի վավերացմամբ հավելյալ լծակներով ենք օժտում ՀՀ–ին` տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության համար։

Քվեարկությունից հետո «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ Հռոմի ստատուտի վավերացմամբ ՀՀ ԱԺ–ն գերազանցեց իր լիազորությունները։ Ի պատասխան, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ ՀՀ ԱԺ–ն չի կարող կասկածի տակ դնել ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը, ըստ որի` Հռոմի ստատուտը չի հակասում ՀՀ սահմանադրությանը։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Վարդանյանին կոչ արեց չսրտնեղել ու չզայրանալ։ «Հակասահմանադրականության մասին պնդումն ընդամենը պատրվակ է. իրականում ընդդիմությանն ասվել է` կգնաք դեմ կքվեարկեք, իրենք էլ եկել են ու դեմ են քվեարկում, այդքան բան»,– նշեց նա։

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր հերթին հայտարարեց, որ այս դահլիճից փորձ է արվում սուտը սփռել ամբողջ ՀՀ տարածքով։ «Այս կանոնադրությունը ոչ մի կապ չունի ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, արցախահայության իրավունքների հետ։ Դրանք բոլորը ծախված են, իսկ ծախողն էլ Նիկոլն է, Հռոմի ստատուտն ընդհանրապես դրա հետ կապ չունի»,– ընդգծեց նա։

ԱԺ–ն նաև ընդունեց այսօր առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերը։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ