Последние новости

Իսրայելի հարավային և կենտրոնական մասը ենթարկվել է հրթիռակոծության. ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ «պատրաստ է պատերազմի»

Շաբաթ առավոտյան ուժգին հրթիռակոծման է ենթարկվել Իսրայելի հարավային և կենտրոնական մասը, այդ թվում Երուսաղեմը, որտեղ ժամը 08.15-ի դրությամբ գործի են դրվել շչակները, տեղեկացրել է Jerusalem Post-ը։

Առնվազն մեկ հրթիռ ընկել է ուղիղ Գեդերոտի շրջանային վարչության շենքի վրա, ինչի հետևանքով զոհվել է 60 տարեկան մի կին, տեղեկացրել է Magen David Adom-ը։

ՑԱԽԱԼ-ը սկսել է գործողություն Գազայի հատվածում։

«ՑԱԽԱԼ-ը հայտարարում է պատերազմին պատրաստ լինելու վիճակ,- նշվել է բանակի հայտարարությունում։- Գազայի հատվածից լայնամասշտաբ հրթիռային հարվածներ են հասցվում Իսրայելի տարածքին, ահաբեկիչները թափանցում են Իսրայելի տարածք տարբեր կետերից։ Երկրի հարավի և կենտրոնի բնակիչները պետք է մոտ գտնվեն պահպանվող գոտիներին, իսկ նրանք, ովքեր գտնվում են Գազայի ծայրամասում, պետք է մնան անվտանգ վայրում»։

ՑԱԽԱԼ-ում տեղեկացրել են, որ շաբաթ առավոտյան շտաբի պետը գնահատում է իրավիճակը և հաստատում ՑԱԽԱԼ-ի գործողությունների շարունակման պլանները։

«Գազայի հատվածում կառավարող կառույցը՝ ՀԱՄԱՍ-ն է պատասխանատու այս գրոհի համար, և նա է կրելու տեղի ունեցածի հետևանքներն ու պատասխանատվությունը»,- հայտարարել են ՑԱԽԱԼ-ում։

Շաբաթ առավոտյան ժամը 8-ի դրությամբ, Magen David Adom կազմակերպության ներկայացուցիչների խոսքով, օգնություն է ցուցաբերվել 16 մարդու ամբողջ երկրում։

Ստացած վերքերից մահացած կնոջից բացի տուժել են միջին ծանրության վնասվածքներ ստացած 52-ամյա մի տղամարդ Գեդերոտից և 20-ամյա մի տղամարդ Յավնեից։ Նրանց հոսպիտալացրել են։

Magen David Adom-ի ներկայացուցիչների խոսքով՝ հրթիռներն ընկել են շատ քաղաքների և բնակավայրերի տարածքում, այդ թվում Թել Ավիվում, որտեղ, իսրայելական ԶԼՄ-ների նախնական տեղեկություններով, հրթիռն ուղիղ ընկել է բնակելի տան վրա։ Քաղաքում տասնյակ ավտոմեքենաներ են այրվել։

Երուսաղեմում լսվել են պայթյուններ, խոցվել են հրթիռներ։

ՑԱԽԱԼ-ը և Իսրայելի ոստիկանությունը բնակիչներին խնդրում են մնալ իրենց տներում։ Ամբողջ երկրում բացվել են ապաստարաններ։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ