Последние новости

Վահան Թումասյան․ Հումանիտար ճգնաժամն անխուսափելի է

Առաջիկայում հումանիտար ճգնաժամն անխուսափելի է. Aysor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Շիրակ Կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը՝ անդրադառնալով Արցախից բռնի տեղահնվածների խնդիրներին, որով իր ուժերի ներածին չափով զբաղում է նաև «Շիրակ Կենտրոն»-ը։

«2-3 ամսից՝ ձմռան կեսերից կտեսնեք՝ ինչ վիճակ կստեղծվի, որովհետև տեղահանված արցախցիների խնդիրներին ժամանակավոր լուծում է տրվել։ Նման է նրան, որ մինչև տանել, վիրահատելը ցավազրկող ենք տվել, որ չցավի, բայց դրա ազդեցությունը կանցնի։ Նախնական փուլը մի կերպ արվեց, բայց սա հումանիտար ճգնաժամից փրկելու ճանապարհ չէր։ Շատ ընտանիքների ժամանակավոր են տեղավորել, մարդիկ 2-3 ամսով են տուն տվել, հիմա կսկսվի այդ ընտանքիների ամենամեծ ողբերգությունը՝ ի՞նչ անել»,-ասաց նա։

Թումասյանը նշեց, որ եթե հիմա սնունդ են տալիս, կամ՝ այլ օգնություն, երկու ամսից դա էլ չի լինելու։ «Մի քանի ամսից արցախցիների խնդիրը կդառնա ոչ արդիական, այդ օգնություններն էլ կդադարեն՝ սնունդ, հագուստ... Եթե կացարան էլ չունեն, պայմաններ էլ չունեն, աշխատելով էլ չեն կարող ձեռք բերել ի՞նչ պետք է անեն։ Հիմա բարդ է, արտագաղթի վրա հույս դնել չեն կարող, ՌԴ-ում էլ խնդիրներ կան, եվրոպաներ գնալն էլ ֆինանսներ է պահանջում։ Եթե տարիներ առաջ լիներ, խնդրի լուծման ճանապարհներից մեկն արտագաղթն էր, հիմա դա չի լինելու»,-ասաց նա։

Ըստ ՀԿ ղեկավարի՝ անհրաժեշտ է տեղահանված հայրենակիցներին նախնական շրջանում շատ արագ գոնե բնակարաններով կամ տներով ապահովել։ «Քանի մարդիկ և՛ հոգեբանորեն չեն փոխվել, և՛ չեն հիասթափվել, շատ արագ պետք է նրանց բնակարաններով ապահովել։ Պետության գործը դա պետք է լիներ, հայկական մեծ ֆոնդերը՝ Հայաստան հիմնադրամը և մյուսները նույնը պետք է անեին։ Հատկապես նախնական շրջանում գյուղական բնակավայրերում ձեռք բերեին նորակառույց, կամ երկրաշարժից հետո կառուցված և կիսատ մնացած տներ, Շիրակի մարզում շատ կան, նորոգեին, հասցնեին մի վիճակի, և տային այդ մարդկանց։ Բայց եթե իրենք էլ մեր նման սնունդ ու հագուստ են տալիս՝ դա փողերի փոշիացում է, որը մեծ օգուտ չի կարող տալ», - ասաց նա։

Հարցին, թե ինչպես է վերաբերում Փաշինյանի այն հայտարարությանը, թե բոլորին հայտնի «հումանիտար» օգնությունների գործելակերպերը պետք է դադարեցվեն՝ օգտագործված հագուստ կամ գույք չպետք է տալ բռնի տեղահանվածներին՝ Թումասյանը պատասխանեց. «Առաջին փուլով, որ եկել էին, բնականաբար, դրա կարիքն էլ ունեին, և դա արդարացված էր, հիմա արդեն տրամաբանորեն պետք է մտածել այլ բանի մասին։ Շիրակի մարզում, օրինակ, տեղահանված արցախցիները չգիտեն, թե ձմռանը ինչ խիստ է լինում, և տեղացիներն աթար են ձեռք բերում, որ չսառեն։ Բա ի՞նչ անեն՝ գազ չկա, ծառ չկա, 30 000 դրամ է մեկ խմ փայտի գինը, իսկ Արցախում այս պայմանները չեն եղել»։

Վահան Թումասյանը նշեց, որ գյուղական բնակավայրերում հիմնականում եկել են բազմանդամ ընտանիքները, որոնք նույնպես Արցախի գյուղերից են եղել։ «Գրեթե 80 տոկոսը պայմաններից գոհ է։ Նրանք չբնակեցված տներում տեղավորվեցին, բայց երբ իշխանությունները հայտարեցին, որ վարձավճար են տալիս, ովքեր սկզբից խոստացել էին անվճար տալ, սկսեցին վարձով դարձնել։ Գնացել էի գյուղերից մեկը, ես գիտեի՝ անվճար են տեղավորվել, հետո իմացա, որ 40 000 վարձ են ուզել, ասում եմ՝ «հո դուք անխի՞ղճ չեք, ասենք մարդը պարտադրված համաձայնվել է, բայց խիղճ պետք է ունենալ․․․»։ Խնդիրները շատ-շատ են, լուծում են պահանջում», - ասաց նա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ