Последние новости

Մասիսում 150 արցախցի դարձավ իրական քրիստոնյա

Մասիս քաղաքի 6 եկեղեցիներում այսօր բոլոր օրերից տարբերվող աշխուժություն էր. 7 հոգու քավորությամբ Արցախից շուրջ 150 բռնի տեղահանված դարձավ իսկական քրիստոնյա` մկրտվեց։

Մկրտության արարողությունն ի սկզբանե նախատեսված է եղել է 140 արցախցի երեխաների համար, սակայն նրանց ծնողները ևս, ովքեր մկրտված չեն եղել,ցանկություն են հայտնել իրենց երեխաների հետ մկրտվելու։ Նախաձեռնության հեղինակները Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն ու Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ Եպիսկոպոս Սարոյանն են։

Համբարձումյանն ասում է` իրենց նպատակն է, որ արցախցիներն ինտեգրվեն համայնքի կյանքին։

«Ուզում եմ` արցախցիներն իմանան, որ իրենց թիկունքին կանգնած ենք։ Ամենակարևոր իրադարձությունն այն է, որ նրանք դարձան քրիստոնյա և մենք մասնակից ենք այդ կարևոր գործին»,–լրագրողների հետ զրույցում նշեց Մասիսի համայնքապետը:

Մկրտված արցախցիների համար ևս այս իրադարձությունը շատ խորհրդանշական է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից Ռադիկ Ղազարյանն ասաց` Աստծո առաջ մեղավորություն է զգում, որ ավելի շուտ չի մկրտվել։ Այսօր մկրտության խորանի մոտ ինքը, կինն ու երկու որդիները դարձան Քրիստոնյա։ Կարծում է, որ մկրտությունից հետո ավելի մոտ կլինեն Աստծուն։

Ռադիկի մյուս երկու որդիները` ութամյա Նվերն ու տասնամյա Միքայելը, սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի զոհն են դարձել։ Եղբայրները հուղարկավորվել են Մասիսում։ Ընտանիքը թեպետ կոտրված է, սակայն չի կորցնում հավատը։

«Ես Աստծուն հավատում եմ, ուղղակի չի ստացվում հաճախ եկեղեցի այցելել։ Աստված էլ ասում է, որ կարևորը ոչ թե եկեղեցի այցելելը, այլ հավատալն է: Չեմ կարող բառերով բացատրել` հիմա ինչ եմ զգում: Միգուցե էսքան բանը տեսնելուց հետո (հուզվում է, խմբ.)... մեղավոր էի զգում, հիմա ծանր բեռ ուսերիցս ընկավ։ Աստծուց էսքանից հետո խնդրում եմ, որ իր մոտ գտնվող երկու տղերքիս լավ նայի, ինձ էլ ուժ տա, որ էս երկուսին հասցնեմ իրենց նպատակին։ Կարևորը` լինի խաղաղություն ու առողջություն, էլ մնացած ոչ մի բան կարևոր չէ` ո՛չ տուն, ոչի՛նչ»,–ասաց ընտանիքի հայրը։

Սիլվա Զաքարյանը նշում է, որ երազում էր կնունքի արարողությունը Շուշիի Ղազանչեցոց վանքում անցկացնել։

«Սպասում էինք, որ մերը կլինի, ու այնպես ստացվեց, որ ո՛չ Շուշին, ո՛չ Ստեփանակերտը, ո՛չ Արցախը մերը չէ»,–նշեց Սիլվան։

Սիլվայի խոսքով` արցախցիների համար նման դժվար օրերում մկրտությունը շատ կարևոր նշանակություն ունի։ Նրա դուստրը` 11–ամյա Կամիլան, նշում է, որ իրենք թեպետ մկրտված չեն եղել, բայց Արցախում ամենադժվարին օրերին ամենաառաջինը դիմել են Աստծուն ու աղոթել։

«Ու ինձ թվում է` այդ հավատն ու հույսն է օգնել մարդկանց»,–նշում է նա։

Նշենք, որ Մասիսում մկրտության արարողությանը զուգահեռ արցախցիների համար նաև հյուրասիրություն էր կազմակերպվել։ Սեղանները զարդարում էր արցախյան ավանդական ժենգյալով հացը, որը թխել է ստեփանակերտցի Նարինե Ավետիսյանը։

«Պատրաստելիս Արցախի համ ու հոտն էի զգում, ամբողջ գիշեր թխել եմ ժենգյալով հացը, չեմ հոգնել, քանի որ գիտեի` ինչ նպատակով եմ անում։ Այդպես էլ ինձ մոտ էի զգում Արցախին` երազելով հետ գնալ Արցախ»,–հավելեց տիկին Նարինեն։

Նշենք, որ մկրտության արարողության մեկնարկը տրվել է Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ