Последние новости

Համայնքային ժողովներ՝ համայնքային կյանքն առողջացնելու լուծումներ գտնելու նպատակով

Ավելի քան մեկ տարվա նախապատրաստական աշխատանքից հետո Գյումրիում կայացել է «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի» նախաձեռնած Համայնքային առաջին ժողովը: Միջոցառմանը հրավիրվել էին հանրային կյանքի տարբեր ոլորտները ներկայացնող ավելի քան 80 մասնակից։

Համայնքային ժողովի մասնակիցներին տեսաուղերձով դիմել, Հիմնադրամի տեսլականն ու առաքելությունն են ներկայացրել «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի» համահիմնադիրներ՝ ամերիկահայ նշանավոր բարերար Նուբար Աֆեյանը և Սուրբ Աթոռում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

«Մենք խորապես հավատացած ենք, որ դարերի ընթացքում տարբեր արհավիրքների դիմագրավելու ու նորից ոտքի կանգնելու հայ ժողովրդի ոգին ու պատմությունը՝ հոգեբանության ու հումանիտար այլ գիտությունների հետ միախառնելով, կարող ենք ստեղծել նորարարական ծրագրեր՝ աջակցելով պատերազմի ու այլ աղետների հոգեբանական հետևանքներից վերականգնմանը», - իր խոսքում ընդգծել է Նուբար Աֆեյանը։

Համայնքային միջոցառումներն ու հանդիպումները լինելու են շարունակական: Երկար ուսումնասիրությունից հետո համայնքային միջոցառման համար ընտրվել է հայտնի «Երկխոսության կամուրջ» մեթոդաբանությունը, որը մասնակիցներին օգնում է լինել լսված ու համայնքի մյուս անդամների հետ միասնաբար մշակել ընդհանուր մոտեցումներ:

«Հիմնադրամը հաջորդ երկու ամիսներին անցկացնելու է մասնակցային ժողովներ՝ Հայաստանի ինը տարբեր համայնքներում։

Սա լավագույն ձևաչափն է բոլորիս վերաբերող ու բոլորի կյանքի վրա ազդեցություն ունեցող ներկայիս իրավիճակը քննարկելու, դրա ազդեցությունները գնահատելու ու լուծումներ փնտրելու համար։

Այս հանդիպումների ընթացքում միասին փորձելու ենք վերհանել պատերազմի ու դրա հետևանքների ազդեցությունը, փորձելու ենք ձևակերպել այն ապագան, հանուն որի արժե ապրել ու ստեղծագործել մեր Հայրենիքում: Միասին փորձելու ենք հասկանալ այն քայլերի հաջորդականությունը, որը անհրաժեշտ է այդ ապագան տեսնելու ու կառուցելու համար։ Մեր նպատակն է մեր հայրենակիցների հետ միասնաբար ստեղծել հոգևոր ու հոգեբանական վերականգնման հայկական ճանապարհ» - ընդգծել է Հիմնադրամի տնօրեն Հովհաննես Նիկոսոսյանը։

Գյումրիի համայնքային ժողովից հետո՝ Հիմնադրամը կազմակերպելու է ավելի փոքր՝ խմբային ձևաչափով աջակցման հանդիպումներ։ Զուգահեռ կատարվելու է պատմական վերլուծություն: Դրա արդյունքում Գյումրիում ու մյուս համայնքներում «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը» փորձելու է բնակիչներին օգնել միասնաբար փնտրել ու ընտրել զարգացման ու առաջընթացի այն ուղին, որը խարսխված կլինի ազգային ինքնության, պատմության ու արժեքների վրա:

Հիմնադրամի մասին

«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի» գլոբալ առաքելությունն է վերափոխել հետճգնաժամային իրավիճակներում հոգեկան առողջության վերականգնման վերաբերյալ արդի մոտեցումները և առաջարկել ավելի լավ լուծումներ։ Հիմնադրամը մշակում և իրականացնում է նորարարական ծրագրեր՝ հետճգնաժամային հոգեկան ամոքման, անձնային աճի և համայնքային դիմակայունության բարձրացման նպատակով։

Հիմնադրամը ստեղծվել է 2022թ հուլիսին ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանի և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համագործակցությամբ։

Newsarmenia.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ