Последние новости

Ալիև․ Բաքուն դեռ սպասում է Երևանի պատասխանին

Ադրբեջանը սպասում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների պատասխանին, որոնք Բաքուն Երևանի է ներկայացրել ավելի քան երկու ամիս առաջ: Որքան արագ այն ստացվի, այնքան լավ։ Այս հայտարարությունն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրաքի նախագահ Աբդել Լատիֆ Ռաշիդի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ:

«Մի քանի անգամ փոխանակել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկները, բայց ավելի քան երկու ամիս է՝ սեպտեմբերի 11-ից, սպասում ենք Հայաստանի կառավարության պատասխանին։ Մենք ուզում ենք իմանալ նրանց կարծիքը այդ մեկնաբանությունների վերաբերյալ: Բայց այդպես էլ պատասխան չենք ստացել», - ասել է Ալիևը։

Նա նշել է, որ Երևանը ձգձգում է պատասխանը, որովհետև վատ խորհուրդներ է ստանում մասնավորապես Ֆրանսիայից:

«Ֆրանսիան շատ ապակառուցողական դեր է խաղում Հարավային Կովկասում։ Փաստացի Հայաստանը դարձել է ֆրանսիական կառավարության խամաճիկը, և դա կարող է լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանային կայունության համար», - ասել է Ադրբեջանի նախագահը։

Ըստ Ալիևի՝ Ադրբեջանին պատերազմ պետք չէ։ Նա նշել է, որ Ֆրանսիայի կառավարության սխալ ուղերձները Հայաստանի կառավարության, իսկ գուցե նաև հայ հասարակության համար պատրանքներ են ստեղծում, թե իրենք կարող են կրկին ռազմական ագրեսիա սկսել Ադրբեջանի դեմ:

«Հայաստանի սպառազինությունը, որով այդքան հպարտանում և հրապարակավ հայտարարում է Ֆրանսիան, չի օգնի Հայաստանին, եթե վերջինը որոշի նոր պատերազմ սկսել։ Արդյունքը նույնն է լինելու, և ոչ ոք նրանց չի օգնի», - շեշտել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նշել է` Հայաստանն իր ապագան պետք է պլանավորի՝ ելնելով սեփական ազգային շահերից, ոչ թե տարածաշրջանից հեռու գտնվող երկրների հավակնություններից:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ