Последние новости

Ռուսաստանը Հայաստանին զգուշացրել է լուրջ վտանգների մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Հայաստանից հնչող գնահատականներին, ըստ որոնց ռուսական ջանքերն՝ ուղղված ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, անարդյունավետ են։

Այս առնչությամբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանության մեջ նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին, 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների փաթեթը այլընտրանք չունեցող «ճանապարհային քարտեզ» է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության կայացման գործընթացում։ Այդ փաթեթը ներառում է Հայաստանի և Ադբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի բոլոր առանցքային ոլորտները՝ տնտեսական և տրանսպորտային կապերի, հաղորդակցությունների ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում, խաղաղության պայմանագրի կնքում, հանրային ու փարձագիտական շրջանակների միջև երկխոսության զարգացում։

«Այս պայմանավորվածություններն ուժի մեջ են, կողմերից ոչ մեկը հետ չի կանչել դրանց ներքո դրված իր ստորագրությունը։ Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բացակայությունը, մենք չափազանց վտանգավոր ենք համարում այս կարևոր փաստաթղթերից հրաժարվելու փորձերը։ Այդպիսի քայլն անխուսափելիորեն կհանգեցնի լուրջ ռիսկերի, առաջին հերթին հենց Հայաստանի համար։ Արևմտյան կեղծ միջնորդների օգնությամբ այս մարտահրավերը շրջանցել չի հաջողվի։ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ջանում խաղաղություն ու կայունություն բերել Հայաստան կամ Հարավային Կովկասի այլ երկրներ։ Նրանց նպատակը բոլորովին այլ է ստվերել մեզ և տարածաշրջանային մյուս դերատակարներին, ստեղծել լարվածության նոր օջախ Բալկաններից, Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից հետո»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Մարիա Զախարովան հայտարարել է նաև, որ «հայկական կողմի մի շարք քայլերի պատճառով է, որ հնարավոր չի եղել ամբողջությամբ իրականացնել եռակողմ պայմանավորվածությունները»։ Մասնավորապես, հայկական կողմը 2022 թվականին Պրահայում, ԵՄ հովանու ներքո անցկացված գագաթնաժողովում «180 աստիճանով փոխել է իր դիրքորոշումը» ԼՂ հարցի վերաբերյալ՝ հայտարարելով, որ ԼՂ ճանաչում է Ադրբեջանի կազմում։ Դա, Զախարովայի մեկնաբանությամբ, արվել է ԵՄ-ի խորհրդատուների հուշումով։

«Մոռացել են գոնե հիշատակել այդ շրջանի հայ բնակչության իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովման անհրաժեշտությունը։ Այդ որոշումն արմատապես փոխեց իրավիճակը ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտում»,- ընդգծել է Զախարովան։

«Բացասաբար են ազդել նաև եռակողմ պայմանավորվածությունների խախտմամբ՝ հայկական կողմից Լաչինի միջանցքը ԼՂ զենքի մատակարարումների համար օգտագործելը, ինչպես նաև տարածաշրջանից հայկական զինված ստորաբաժանումներն ամբողջությամբ դուրս բերելուն Երևանի պատրաստ չլինելը, ինչը շատ առումներով հանգեցրեց նրան, որ սեպտեմբերին ռազմական բախումներ լինեն»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Մարիա Զախարովան նշել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Երևանն անհրաժեշտ ջանքեր չի ներդրել, որ երեք երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի կողմից կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերվեն։

«Մասնավորապես, ամիսներ շարունակ հայկական կողմը արգելափակում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ աշխատանքների մեկնարկը՝ հրաժարվելով պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետի դրույթները»,- հայտարարել է նա։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանության մեջ նշվում է նաև, որ դելիմիտացիայի գործընթացը նույնպես չի սկսվել։

«Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ իրական սահմանազատման աշխատանքները, որոնց շուրջ երեք երկրների ղեկավարները պայմանավորվել էին դեռևս 2021 թվականի նոյեմբերին, դեռևս չի սկսվել։ Հանուն նրա, որ ԵՄ առաքելությանը հրավիրեն Հայաստան, հայկական կողմը հրաժարվել է սահմանամերձ գոտիներում իրավիճակի կայունացման նպատակով ՀԱՊԿ մեխանիզմներից։ Այնպես որ, եռակողմ պայմանավորվածությունների իրագործման հետաձգումը ոչ թե Մոսկվայի քաղաքականության, այլ Երևանի անհետևողական գործողությունների ուղիղ հետևանքն է»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ հավելելով, որ «ստեղծված բարդ իրավիճակից ելքն ակնհայտ է՝ վերադառնալ եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը», ինչին ռուսական կողմը պատրաստ է աջակցել։

«Վերահաստատում ենք մեր առաջարկը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը ամենասեղմ ժամկետում կազմակերպել  Ռուսաստանում»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ