Последние новости

Կոլորադոյում որոշել են, որ Թրամփը պետք է զրկվի նախագահի պաշտոնն զբաղեցնելու իրավունքից

Կոլորադոյի գերագույն դատարանը որոշել է, որ Դոնալդ Թրամփը պետք է զրկվի նախագահի պաշտոնն զբաղեցնելու իրավունքից և հանվի նահանգի ընտրաթերթիկից, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Որոշումը կարող է առաջին դեպքը լինել երկրի պատմության մեջ, երբ նախագահի թեկնածուն զրկվում է Սպիտակ տանը պաշտոն զբաղեցնելու իրավունքից ԱՄՆ Սահմանադրության 14-րդ լրացման համաձայն, որն ընդունվել է Քաղաքացիական պատերազմի ժամանակ և արգելում է պաշտոն զբաղեցնել ցանկացած մարդու, ով մի անգամ երդվել է, բայց հետո «մասնակցել ապստամբության կամ խռովության»։

Կոլորադոյի դատարանի որոշումը վերաբերում է միայն հանրապետական փրայմերիզներին, որոնք նահանգում տեղի են ունենալու մարտի 5-ին։ Դատարանի որոշումը, սակայն, ամենայն հավանականությամբ, կազդի Թրամփի կարգավիճակի վրա նոյեմբերի 5-ի համընդհանուր ընտրություններում։

Կոլորադոյի դատարանը հայտնել է, որ որոշումը դադարեցվել է մինչև 2024թ. հունվարի 4-ը, որպեսզի բողոքարկման հնարավորություն տա։

Թրամփի թիմն արդեն դատարանի որոշումն անվանել է «սխալ» և «ոչ դեմոկրատական» և հայտարարել է, որ բողոքարկելու է։

«Կոլորադոյի գերագույն դատարանը այսօր սխալ որոշում է կայացրել, և մենք արագ կբողոքարկենք այն»,- ասել է Թրամփի թիմի ներկայացուցիչը։ Նա դատապարտել է 14-րդ լրացման կիրառումը։

Թրամփի փաստաբանը հավաստիացրել է, որ անկարգությունները Կապիտոլիումում այնքան էլ լուրջ չէին, որպեսզի որակվեին որպես խռովություն, և որ Թրամփի արտահայտությունները Վաշինգտոնում իր կողմնակիցների հասցեին այդ օրը պաշտպանված են եղել նրա՝ խոսքի ազատության իրավունքով։ Փաստաբանը պնդել է, որ դատարանները իրավունք չունեն պահանջել, որ Թրամփը հանվի ընտրաթերթիկներից։

Թրամփի հակառակորդները հուսով են օգտագործել այս գործը՝ ակտիվացնելու համար նրա որակազրկման ջանքերը։ Սակայն գերագույն դատարանի դատավորների մեծ մասը պահպանողականներ են, ընդ որում՝ երեքը հենց Թրամփի նշանակածներն են։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ