Последние новости

«Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված հայկական ժառանգություն» ցուցահանդեսը Ֆրանսիայում կգործի մինչև հունվարի 15-ը

«Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված հայկական ժառանգություն» խորագրով բացօթյա ցուցահանդեսի առանցքում Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող 30 բացառիկ լուսանկար է ընդգրկված։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը, որը բացվել է դեկտեմբերի 14-ին Փարիզի նշանավոր Բաստիլի հրապարակում և գործելու է մինչև հունվարի 15-ը, կազմակերպել են Փարիզի քաղաքապետարանն ու «L’Œuvre d'Orient» կաթոլիկ կազմակերպությունը: Այս մասին հայտնում է ՀՀ դեսպանությունը Ֆրանսիայում:

Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքապետարանին և «L’Œuvre d'Orient» կաթոլիկ կազմակերպությանը Հայաստանի և հայ ժողովրդի կողքին մշտապես լինելու համար և նշել է, որ ցուցահանդեսի կազմակերպումն այդ համերաշխության հերթական դրսևորումն է։

Հայաստանի դեսպանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում իրականացնելուց հետո այժմ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում վերացնելու այնտեղ հայկական բազմահազարամյա ներկայության հետքերը, որոնց խոսուն ապացույցներն են ցուցադրվող լուսանկարներում պատկերված եկեղեցիները, կոթողներն ու հուշարձանները։ Այս համատեքստում նա առանձնահատուկ կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության հանրահռչակման և պահպանման ուղղությամբ միջազգային ջանքերի գործադրումը։

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել և խոսքով հանդես են եկել նաև Փարիզի փոխքաղաքապետներ Առնո Նգաչան և Կարին Ռոլանը, «L’Œuvre d'Orient» կաթոլիկ կազմակերպության նախագահ Ժան-Իվ Տոլոն, նույն կազմակերպության գլխավոր տնօրեն, գերաշնորհ Պասկալ Գոլնիշը, ինչպես նաև Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

ԱՐՄԵՆՊՐԵՍ

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ