Последние новости

Փաշինյան․ ՀՀ-ն կարիք ունի ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի առաջին նախագիծը ներկայացվել է կառավարություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հունվարից կսկսվի խորհրդի կողմից վերջնական քննարկումների փուլը։

«Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության։ Ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության: Հայաստանի Հանրապետությունն, ի վերջո, պետք է ունենա Սահմանադրություն, որը կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով ընդունվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից: Սա էլ է լեգիտիմության հետ կապված, իմիջիայլոց, կարևոր շեշտադրում: Երկրորդը՝ մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»,– ասել է Փաշինյանը։

Նա նաև ընդգծել է, որ աշխարհում տեղի են ունենում փոփոխություններ, ինչն անխուսափելիորեն կանդրադառնա Հարավային Կովկասի տարածաշրջանի, ինչպես նաև Հայաստանի վրա:

«Անկախ նրանից, թե էվոլյուցիային ինչպես կվերաբերենք, այն տեղի է ունենում: Հետևաբար՝ մեր դիրքորոշումը և մոտեցումը պետք է լինի ոչ թե այն, որ այդ էվոլյուցիան կանգնեցնենք, սա ինքնին անտրամաբանական է, որովհետև էվոլյուցիան կանգնեցնելով՝ մենք դեգրադացիայի ենք հասնելու, այլ կառավարենք Հայաստանի Հանրապետության պետական շահերին համապատասխան»,– նշել է Փաշինյանը։

Այս ամենի հետ մեկտեղ, նա նաև վստահ է` ՀՀ–ի համար կառավարման ամենահարմար մոդելը հենց խորհրդարանականն է։ Վարչապետն ընդգծել է, որ դրանում համոզվել է 2020 թվականի հետպատերազմյան շրջանում։ «Եթե մենք կառավարման հենց խորհրդարանական մոդել չունենայինք, այդ ժամանակահատվածում մեր պետականության հետ կարող էր տեղի ունենալ այն, ինչ գուցե շատերն ուզում էին, որ տեղի ունենա»,– ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտնել էր, որ 2024 թվականի վերջին ՀՀ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ կլինի։

Հիշեցնենք, որ 2021–ի դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր էր ստորագրել 2020 թվականի փետրվարի 12-ին ստեղծված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը լուծարելու և Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ ստեղծելու մասին։

Խորհրդի նախագահն այն ժամանակվա արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն էր, կազմում էին միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, մարդու իրավունքների պաշտպանը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ