Последние новости

Թեհրանը պատասխանատու չէ Սիրիայում և Իրաքում խմբավորումների գործողությունների համար

Իրանի իշխանություններն առնչություն չունեն այն հարձակումներին, որոնք զինված խմբավորումները կատարում են Իրաքում և Սիրիայում, այդ թվում՝ ամերիկյան ուժերի դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին։

Իրանի մշտական ​​ներկայացուցիչը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող Ֆրանսիայի մշտական ​​ներկայացուցչին, որտեղ պատասխան է տվել ԱՄՆ-ի մեղադրանքներին՝ դրանք անվանելով «անհիմն»։

ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունն ավելի վաղ պնդել էր, որ «զինված խմբավորումները, որոնք կապված են Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հետ, ներգրավված են Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի անձնակազմի և օբյեկտների դեմ ուղղված գործողություններում»:

«Գոյություն չունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված ոչ մի խմբավորում, լինի դա Իրաքում, Սիրիայում, թե այլուր, որ ուղղակի կամ անուղղակի կերպով գործի Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության տակ կամ նրա օգտին: Հետևաբար, Իրանի Իսլամական Հանրապետությունը պատասխանատվություն չի կրում տարածաշրջանում որևէ անձի կամ խմբի գործողությունների համար», - գրված է Իրավանիի նամակում, որի տեքստը մեջբերում է IRNA լրատվական գործակալությունը։

Իրավանիի խոսքով՝ ԱՄՆ-ի գործողությունները թե՛ Սիրիայում, թե՛ Իրաքում «անօրինական են և խախտում են ինչպես միջազգային իրավունքը, այնպես էլ ՄԱԿ-ի կանոնադրությունը»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, հունվարի 28-ին Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման հետևանքով 3 ամերիկացի զինծառայող է զոհվել։ Ավելի քան 40 մարդ վիրավորվել է։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարձակման մեջ մեղադրել է Իրանի հետ կապված խմբավորումներին։

Գազայի հատվածում պաղեստինաիսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր հաճախակի են դարձել հարձակումները Սիրիայում և Իրաքում ամերիկյան ռազմակայանների վրա։ Շիաների կազմավորումները նախազգուշացրել են, որ կավելացնեն զինված գործողությունների թիվը Սիրիայում և Իրաքում, քանի որ ԱՄՆ-ն շարունակում է ռազմական օգնություն ցույց տալ Իսրայելի բանակին:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ