Последние новости

Թաթոյան․ Ադրբեջանի ԶՈՒ-ը զորավարժություններ է իրականացնում Ներքին Հանդի օկուպացված տարածքում

Ներքին Հանդի օկուպացված տարածքում ադրբեջանական զինծառայողներն իրականացնում են ականների պայթյուններ, լսվում են կրակոցներ, հայտնում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

Փաստահավաք առաքելության շրջանակներում գյուղ այցելած ՀՀ նախկին ՄԻՊ-ն արձանագրում է, որ ադրբեջանական իշխանություններն իրականացնում են նաև զորավարժություններ գյուղից այնպիսի հեռավորության վրա, որ գյուղի ներսում պարզ լսելի են կրակոցներ ու պայթյուններ թե՛ ցերեկվա, թե՛ գիշերվա ընթացքում:

«Ներքին Հանդի բնակիչներին մտադրված փորձում են պահել վախի մեջ, մարդիկ չեն կարողանում գյուղում հանգիստ տեղաշարժվել, դպրոցի դիմաց ադրբեջանական դիրքերն են, խաթարված է բնակիչների անվտանգ կյանքը»,- նշում է Թաթոյանը:

Նա հայտնել է, որ միայն Ներքին Հանդ գյուղում ադրբեջանական օկուպացիայի ներքո է հայտնվել 2700 հեկտար տարածք, իսկ 1000 հեկտարից ավելի հողատարածք հայտնվել է վտանգավոր գոտում, որտեղ կա´մ հնարավոր չէ իրականացնել գյուղատնտեսական և այլ տեսակի որևէ աշխատանք, կա´մ այդ աշխատանքներն էականորեն դժվարացել են` կյանքի համար իրական վտանգների պատճառով:

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր ալիք էր սկսվել փետրվարի 12-ին, երբ ադրբեջանական կողմը հայտնել էր հայկական դիրքապահի կողմից արձակած կրակի հետևանքով իր մեկ վիրավորի մասին: Հայկական կողմը հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում հայ դիրքապահների կողմից կրակ բացելու տեղեկատվությունը հետաքննվում է, նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: ՀՀ ՊՆ-ն հերքել էր, թե փետրվարի 12-ին՝ ժամը 20:50-ից մինչև 23:40-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը կրակ է բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ-ն փետրվարի 13-ին հայտնել էր, որ սահմանին ադրբեջանական կողմի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։ Գերատեսչությունը հրապարակել էր զոհված զինվորականների անունները։

2023թ. նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ շուրջ 200 քառ կմ ՀՀ տարածք գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո:

Armenia Today

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ