Последние новости

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻՑ ՀԵՏՈ. ՏՈՏԱԼ ՊԱՏԵՐԱԶՄ

«Բա հետո՞»-ի խնդիրը

2023 թվականի սեպտեմբերից հետո, երբ Ադրբեջանը մեկօրյա պատերազմում հաղթեց միայնակ մնացած Արցախի պաշտպանության բանակին և փաստացի լիարժեք նվաճեց Արցախի Հանրապետության տարածքը, հայաստանյան հասարակական-քաղաքական կարծիքում սկսեց թևածել յուրատեսակ անորոշություն, որը կարելի էր ձևակերպել «Լավ, բա հետո՞» կենցաղային հարցի միջոցով։

Այս անորոշության պատճառը շատ պարզ է. հայության մեծամասնության ընկալումներում Արցախյան հիմնահարցը ուղղակի Արցախի հայության անկախացման կամ Հայաստանին միանալու հարց էր, որը, ըստ նույն տրամաբանության, Ադրբեջանի հետ մեր ունեցած հակամարտության միակ պատճառն է։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ դա ամբողջությամբ սխալ ընկալում է (Արցախյան հիմնահարցը հայ-թուրքական մշտական հակամարտության ընդամենը մի դրվագն է) և այդ ընկալման արմատացած լինելու հանգամանքի մեջ առաջին հերթին մեղավոր են ազգային վերնախավերը։ Այս պահին ավելի էական է այն, որ թեկուզ Արցախի հիմնահարցի ոչ մեր օգտին լուծվելուց հետո մեր հանրությունն ու ազգային վերնախավերի մեծ մասը անկեղծորեն չեն հասկանում, թե ինչ է ուզում Ադրբեջանը (նաև Թուրքիան) և մնացած աշխարհաքաղաքական դերակատարները։ Չհասկանալով Ադրբեջան-Թուրքիա երկյակի մարտավարությունը՝ չի ստացվում հասկանալ մնացած խաղացողների գործողությունները։ Չկողմնորոշված այս վիճակը հանգեցնում է էլ ավելի մեծ հուսալքության, հասարակական բևեռացման տարբեր խմբերի (արևմտամետների ու ռուսամետների) միջև, հանրային ու քաղաքական մտքի ճգնաժամի։ Այս իրավիճակի խորացմանը էականորեն նպաստում են թշնամի Ադրբեջան-Թուրքիա երկյակը, քանի որ դա խիստ թուլացնում ու նվազեցնում է հայության դիմադրողականության ուժը։

Հենց այս խնդիրը հաշվի առնելով՝ փորձեմ ուրվագծել 2023 թվականից հետո Թուրքիա-Ադրբեջան զույգի մարտավարությունը մեր հանդեպ և տարածաշրջանում ընդհանրապես։ Սա մասամբ կպատասխանի «բա հետո՞» հարցին (իհարկե, եթե այս մարտավարությանը չհակադրվի որևէ իրական հայկական ուժ)։

Թուրքական ռազմավարության սկզբունքները

Վերջին 150 տարում Թուրքիայի մեծ ռազմավարությունը Հարավային Կովկասի հանդեպ անփոփոխող կերպով հետևյալն է. ստեղծել Հարավային Կովկասում ամուր հենակետ՝ իր համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարակից գոտիներ ու տարածաշրջաններ տարածվելու համար։ Այս նպատակով Թուրքիան (նախկինում՝ Օսմանյան կայսրությունը) մի քանի փորձ արեց ուղիղ ռազմական միջամտության միջոցով գրավել Հարավային Կովկասը, սակայն այդ փորձերը չհաջողվեցին նախ տեղական դիմադրության, ապա տարածաշրջանի այլ խաղացողների (հատկապես՝ Իրան և Ռուսաստան) ակտիվ միջամտության շնորհիվ։ Այստեղ միջանկյալ ևս մեկ անգամ հիշեցնենք, որ վերջիններիս միջամտությունը բխում էր սեփական շահերից, այլ ոչ թե բարեգործության կամ «ժողովուրդների փրկության» առաքելությունից (զավեշտալի է, որ դեռ կարիք կա այս իրողությունը բացատրել)։

Ռազմական նվաճման տապալումից հետո Թուրքիան դիմեց այլ մարտավարության։ Կովկասի աստիճանական նվաճումը և այլ տարածքների (մասնավորապես՝ Իրանի հյուսիսի, Կովկասի հյուսիսի, Կենտրոնական Ասիայի թյուրքախոս գոտիների) հետ կապը ապահովելու համար թուրքական վերնախավը նախաձեռնեց և իրականացրեց մի հետաքրքիր նախագիծ։ Հարավային Կովկասի ռազմավարական ամենակարևոր կտորներից մեկում՝ Կասպից ծովից արևմուտք ընկած շրջաններում, որտեղ բնակչության մեջ մեծ թիվ էին կազմում թյուրքախոս մուսուլմանները, ստեղծել թյուրքական պետական կազմավորում, որը փաստացի կլինի «փոքր Թուրքիա՝ մեծ Թուրքիայի կողքին» և կծառայի որպես թուրքական գլխավոր գործիքը՝ Հարավային Կովկասի նվաճման համար։ Այսպես, օսմանյան պալատում նախագծվեց «Ադրբեջան» պետության գաղափարը, որը հաջողության իրականացրեց օսմանյան բանակը 1918 թվականին։ Այդ դեպքերից ավելի քան հարյուր տարից կարելի է ասել, որ այս մարտավարությունը միջին արդյունավետությամբ, սակայն աշխատում է։

1990-ականներից ի վեր Ադրբեջանի քաղաքական վերնախավը թեև մի քանի փորձեր ձեռնարկել է դուրս գալու Թուրքիայի գծած շրջանակից, սակայն ապարդյուն. իր էությամբ Ադրբեջանը թուրքական նախագիծ է և շարունակելու է լինել այդպիսին։

Հատկապես, որ Թուրքիան չի պլանավորում թույլ տալ Ադրբեջանի իրական անկախացում իրենից։ Ճիշտ հակառակը, վերջին տարիներին երկու պետական համակարգերի մեծածավալ ինտեգրացիան հուշում է, որ գործ ունենք պետությունների միաձուլման հետ։ Այստեղից կարելի է անել շատ պարզ եզրահանգում. Ադրբեջանի վարած արտաքին քաղաքականությունը տեղավորվում է Թուրքիայի արտաքին քաղաքական նպատակների մեջ։ Ուստի ադրբեջանական քաղաքականությունը ոչ թե փոքր երկրին բնորոշ զգուշավորությամբ ու փոխզիջումների սկզբունքով է առաջնորդվում (ինչպես շատերը պատկերացնում են), այլ կայսերական նպատակներ ունեցող թուրքական տերության։

Այսպիսով, ամփոփենք ռազմավարական հիմնական խնդիրը. չեզոքացնել Հայաստանին որպես առանձին ու ինքնուրույն քաղաքական միավոր։ Այդ ուղղությամբ ամենաարդյունավետ քայլը եղել է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը, 1920 թ. հայ-թուրքական պատերազմը, 1921 թ. Նախիջևանի անջատումը Հայաստանից, իսկ մեր օրերում՝ Արցախի նվաճումը։ Այժմ թիրախում մյուս ռազմավարական առաջնահերթությունն է՝ Սյունիքը։

Կարևոր է մտապահել, որ թուրքական ընկալման մեջ Հայաստանը զուտ միայն հայկական սպառնալիք չէ։ Այս տարածքում հայկական պետության գոյությունը, որը ինքնաբերաբար ենթադրում է հակադրում թուրքական ծավալապաշտությանը (քանի որ Թուրքիան ցանկանում է գրավել ողջ Կովկասը, ինչը բացառում է հայկական անկախ միավորի գոյություն), յուրահատուկ աշխարհաքաղաքական մագնիսական ուժով դեպի իրեն է ձգելու Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունների դեմ հանդես եկող բազմաթիվ ուժերի (ինչպես մեր օրերում՝ Իրանին)։ Այս պատճառով հայ-թյուրքական հակամարտությունը թուրքական քաղաքական վերնախավերի ընկալումներում մաս է Թուրքիայի մեծ աշխարհաքաղաքական պայքարի, որը մղվում է դեռ Օսմանյան կայսրության օրերից։

Ռազմավարական այս սկզբունքները պետք է հիշել մնացած մարտավարական գործողությունները հասկանալու համար։

Ադրբեջանի մարտավարական բազմաշերտությունը

2023 թվականից հետո Ադրբեջանը, ելնելով մեծ թուրքական ռազմավարությունից, որդեգրել է մարտավարական գործողությունների մի ամբողջ համալիր, որի հիմնական նպատակը կարելի է բանաձևել հետևյալ կերպ. թուլացնել հայկական պետականությունը կամ դրա ենթակառուցվածքներն այնքան, որ դրա առանձին մասերի կամ ամբողջի նվաճումը վերածվի տեխնիկական խնդրի։ Մոտավորապես այդ մարտավարությունն է կիրառվել Արցախի Հանրապետության նկատմամբ վերջին երեք տարիներին (շրջափակում, Փառուխի գրավում և այլ գործողություններն ուղղված էին դիմադրության ռեսուրսի նվազմանը)։

Հայաստանի Հանրապետության դեմ մարտավարական վերոնշյալ համալիրը կարելի է բաժանել 4 հիմնական ուղղությունների։ Հակիրճ անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին։

Առաջին ուղղություն. քաղաքական ճանապարհով հասնել հայկական պետականության իրավական ու փիլիսոփայական հիմնասյուների վերացմանը։ ՀՀ սահմանադրությունը կամ ներքին օրենսդրությունը փոխելու պահանջները հենց այս տրամաբանության մեջ են։ Պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որոնք թույլ չեն տա կամ հնարավորինս կխոչընդոտեն Հայաստանում թուրք-ադրբեջանական ազդեցությանը դիմադրելու մեխանիզմների և ուժերի ստեղծմանը (գրեթե բոլոր կապիտուլիացոն պայմանագրերին հատուկ պահանջ)։ Այս նույն շարքին են պատկանում Հայաստանում կրթական համակարգի փոփոխության, հանրային հիշողության վայրերի ու հիշատակի օրերի վերացման պահանջները, որոնք, ինչպես գիտեք, աստիճանաբար կատարվում են։ Այլ խոսքով՝ մարտավարական այս ուղղության խնդիրն է այնպես անել, որ չլինի իրական հայկական պետություն ունենալու հանրային պահանջ կամ այդ պահանջը իրացնող օրինական մեխանիզմներ։

Երկրորդ ուղղություն. հայկական պետականության ինքնուրույնությունը նվազեցնող զիջումների ձեռքբերում։ Այս շարքին կարելի է դասել այսպես կոչված «անկլավների վերադարձի» կամ հայկական ատոմակայանի փակման պահանջները։ Այսպես, «անկլավների» տարածքը թույլ է տալու վերահսկել Հայաստանի արտաքին ճանապարհները, իսկ ատոմակայանի փակումը զրկելու է մեզ էներգետիկ ինքնուրույնությունից՝ հավելյալ կախման մեջ դնելով։ Այս շարքը կարելի է շարունակել։

Երրորդ ուղղություն. գերակտիվ ու նախաձեռնող արտաքին քաղաքականության միջոցով հասնել ադրբեջանական կողմի համար աշխարհաքաղաքական նպաստավոր միջավայրի ձևավորմանը։ Այս ուղղությունն իր հերթին բաժանվում է մի քանի հիմնական խնդրի։ Նախ պետք է ապահովել ադրբեջանական պահանջների և ծրագրերի համար արտաքին լեգիտիմություն։ Օրինակ՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ու «տեղահանված ադրբեջանցիների» թեմայի բարձրաձայնումն ու միջազգայնացումը թույլ են տալիս Ադրբեջանին իրենց հարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքի վրա որոշակի իմաստով լեգիտիմացնել կամ գոնե լեգալացնել։ Նույն նպատակին են ծառայում նաև իբր Հայաստանում «ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացման» թեմայով կատարվող աշխատանքները։

Մյուս կողմից Ադրբեջանը փորձում է ստանալ այլ երկրների աջակցությունը իր գործողություններում։ Այստեղ բավական է բերել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» օրինակը։ Այսպես, մեծացնելու համար «միջանցքի» շահառուների թիվը և այդպիսով ապահովելու համար Հայաստանի վրա նոր ճնշում՝ Ադրբեջանը հետևողական կերպով այս թեմայում է ներգրավում տարբեր երկրների (Կենտրոնական Ասիայից մինչև Ինդոնեզիա)։ Նույն նպատակին են ծառայում նաև Հայաստանին հակաիսլամական երկիր ներկայացնելու Ադրբեջանի հետևողական ջանքերը։

Դիվանագիտական ուղղության մյուս նպատակն է վատթարացնել Հայաստանի երկկողմ հարաբերությունները մեզ համար կարևոր երկրների հետ։ Այստեղ, ինչպես կարելի է կռահել, հիմնական թիրախը հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերություններն են, որոնց թուլացումը բխում է բացառապես թուրք-ադրբեջանական շահից (այս մասին տե՛ս այստեղ)։ Միաժամանակ, աշխատանք է տարվում չեզոքացնելու համար հայկական գործոնը նշված երկրներում (անզեն աչքով կարելի է տեսնել այդ աշխատանքի արդյունքը, օրինակ, Ռուսաստանում)։

Արտաքին քաղաքականության մարտավարական մեկ այլ նպատակն է թուրք-ադրբեջանական տարածաշրջանային քաղաքականությունից դժգոհ և դրան դիմադրող ուժերի եթե ոչ չեզոքացումը, ապա գոնե վերջիններիս դիմադրության նվազեցումը կամ զսպումը։ Այստեղ կարելի է տեսնել իրականացվող հետևողական աշխատանքը Իրանի հետ՝ նույն «միջանցքի» թեմայով կամ թուրք-ադրբեջանական լոբբինգի գերակտիվությունը Ռուսաստանում։ Խորքի մեջ լինելով հակառուսական պետություն՝ Ադրբեջանը կարողանում է Թուրքիայի հետ միասին Ռուսաստանի ուշադրությունը շեղել և իր համար կորզել անհրաժեշտ արդյունքներ տարածաշրջանում (այս հարցին կանդրադառնամ առանձին մեկ այլ առիթով)։

Այս ուղղության լավագույն օրինակներից մեկը վերջին շաբաթներին լայնորեն օգտագործվող «ֆրանսիական խաղաքարտն» է։ Լավ գիտակցելով, որ Ֆրանսիան այս պահին հավաքական Արևմուտքի անունից զբաղվում է Հայաստանին ռուսական ազդեցության գոտուց հանելու խնդիրով և, բնականաբար, որևէ իրական ռազմական այլընտրանք չի տալու Երևանին, Ադրբեջանը խթանում է «հակաֆրանսիականության» թեման՝ այդպիսով պատրանք ստեղծելով հայության շրջանում, որ իսկապես «Ֆրանսիան Ադրբեջանի դեմ կպաշտպանի Հայաստանին»։ Մի կողմ թողնելով այն ակնհայտ իրականությունը, որ Ֆրանսիան լավագույն դեպքում լինելու է մեր փաստաբանը, բայց ոչ երբեք թիկնապահը (ուստի բուն ռազմական հարցերում մեկ ոչ մի բան չենք ստանալու), այս համատեքստում ավելի էականն այն է, որ նման քայլով Ադրբեջանը նպաստում է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը։

Վերջին՝ չորրորդ ուղղությունը կապված է այսպես կոչված «կոպիտ ուժի» հետ։ 2020 թվականից հետո Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին անդադար կուտակում է նոր ռազմական պաշարներ, իրականացնում է տասնյակ զորավարժություններ, ստեղծում է ռազմական նորանոր ենթակառուցվածքներ, որոնք հիմք են նախապատրաստում Հայաստանի դեմ նոր պատերազմի։ Այստեղ տրամաբանությունը շատ պարզ է. ստեղծել ռազմական նվաճման համար անհրաժեշտ հիմքերը։ Եթե այդ նպատակին հնարավոր լինի հասնել առանց զենքի՝ նախորդ երեք կետերում նշված մարտավարության շնորհիվ, ապա շատ ավելի լավ։ Եթե ոչ, ապա կարելի է փորձել կրկնել 2021 թ. մայիսին Սյունիքի Սև լճի կամ 2022 թ. սեպտեմբերին Ջերմուկի նվաճման գործողությունները, որոնք ՀՀ ներսում արդեն իսկ թուրք-ադրբեջանական զորքերի համար ստեղծել են ռազմավարական գերակայություն։

Ահա այս հիմնական չորս ու իրար լիարժեք փոխլրացնող ուղղություններով է առաջնորդվում Ադրբեջանի մարտավարությունը վերջին ամիսներին ու այդպես է լինելու նաև առաջիկա շրջանում։ Այլ բառերով սա կոչվում է տոտալ պատերազմ։ Որևէ ուղղությամբ հայկական կողմի զիջումը ինքնաբերաբար հանգեցնում է մյուս ուղղություններով պահանջների ոչ թե նվազմանը, այլ հակառակը՝ մեր՝ դրանց դիմադրելու հնարավորությունների նվազմանը և ադրբեջանական պահանջների ամրապնդմանը։

Միակ սպառնալիքը և օրակարգը

Ադրբեջանի մարտավարությունը բխում է ռազմավարությունից, որի նպատակն է չեզոքացնել (իսկ հնարավորության դեպքում՝ վերացնել) հայկական պետականությունը։ Սա է հայկական պետության համար մեկ խնդիրը։ Սրա չլուծման պարագայում մնացած հարցերում արձանագրված որևէ առաջընթաց դառնում է անիմաստ, ինչպես Արցախում 2020 թվականից հետո կառուցված բնակելի շենքերը։ Ադրբեջանա-թուրքական այս ռազմավարությանը կարող է հակադրվել միայն նույնանման տոտալ պատերազմի մղման տրամաբանությամբ՝ բոլոր ճակատներում։ Իսկ տոտալ պատերազմ վարելու ոչ միայն ունակություն, այլև ցանկություն ՀՀ դե-ֆակտո իշխող ուժը չունի։

Առկա մոտեցման պահպանման դեպքում պետք է հիշել, որ օգնության չեն գալու ոչ միայն «անգլիական նավերը», այլև չեն փրկելու Մակրոնի ֆեյսբուքյան հայալեզու գրառումները։

Վարուժան Գեղամյան, ԵՊՀ դոցենտ, թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու

168.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ