Последние новости

ԵՊՀ-ում վրացագիտության կենտրոն է բացվել

Երևանի պետական համալսարանում այսօր վրացագիտության կենտրոն է բացվել է, արարողությանը ներկա է եղել Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարինը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է կենտրոնի բացման փաստը:

«Վրացագիտության կենտրոնի բացումը կնպաստի երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը։ Կենտրոնի ստեղծումը մեզ համար կարևոր է նաև Հայաստանում բարեկամ Վրաստանի մասին քաջատեղյակ մասնագետներ պատրաստելու տեսանկյունից, ինչն իր հերթին էապես կնպաստի տարածաշրջանի մասին երկկողմ և համատեղ ընկալումների խորացմանն ու ընդլայնմանը և մեր տարածաշրջանում այդքան սպասված խաղաղության հաստատմանը»,- նշել է նախարարը:

Անդրեասյանը հավելել է, որ սեպտեմբերից կմեկնարկի համատեղ մագիստրոսական կրթաթոշակային ծրագիր, որը երկու երկրների ուսանողներին հնարավորություն է տալու ուսանելու Հայաստանի և Վրաստանի բուհերում: Այդ նպատակով հատկացվել է 10 կրթաթոշակային տեղ:

Գիորգի Ամիլախվարինն էլ շեշտել է, որ Վրաստանը մեծ կարևորություն է տալիս երկու երկրների միջև հարաբերությունների բազմակողմանի զարգացմանը:

«Մեզ համար կարևոր է վրացական և հայկական համալսարանների միջև սերտ համագործակցությունը: Ինչպես ՀՀ-ի համար է կարևոր հայագիտության զարգացումը, այնպես էլ Վրաստանի համար՝ վրացագիտության, և կենտրոնի բացմամբ առկա բազմադարյա հարաբերություններն էլ ավելի բարձր մակարդակի ենք բարձրացնելու»,-նշել է նա։

Նախարարն ընդգծել է, որ Թբիլիսիի պետական համալսարանում հաջողությամբ աշխատում է հայագիտության կենտրոնը, որտեղ բազմաթիվ գիտահետազոտական աշխատանքներ են կատարվում:

Ամիլախվարիի խոսքով՝ Վրաստանը շահագրգռված է ընդլայնելու Հայաստանի հետ փոխգործակցությունը հանրակրթության, բարձրագույն կրթության և գիտության, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ոլորտներում. ուսանողների և դասախոսների փորձի փոխանակման, երկկողմ և համատեղ ծրագրերի իրականացումը լինելու են մեր ապագա պլանները:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ իր հերթին հույս է հայտնել, որ երկու մայր բուհերի համագործակցությամբ համատեղ նոր գաղափարներ և ծրագրեր կծնվեն, ու ևս մեկ աստիճանով կբարձրանա համագործակցության մակարդակը։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ