Последние новости

Դուք չեք կարողանում, մենք ենք անում. Բագրատ սրբազանը` մեղադրանքների մասին

Հայաստանը կա՛մ պետք է պետություն ունենա, որը գլուխը բարձր ապրում է բոլոր դժվարություններով ու տառապանքներով, կա՛մ պետք է ոչնչանա, վերանա։

Այս մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը` անդրադառնալով այն մեղադրանքներին, թե եկեղեցին խառնվում է քաղաքականությանը։

«Ճիշտ ենք անում, եթե խառնվում ենք քաղաքականությանը։ Դուք չեք կարողանում, դրա համար էլ մենք ենք խառնվում, եթե, իհարկե, սա քաղաքականություն է։ Ես ուսակից ընկեր ունեմ, որին հուղարկավորել եմ այս հայրենիքի համար, և դա ոչ ոք չի կարող իմ ձեռքից խլել»,– ասաց Բագրատ սրբազանը։

Նա շեշտեց, որ Տավուշի մարզում տեղի ունեցող սահմանազատման և սահմանագծման գործընթացը հակաօրինական է և այն պետք է դադարեցվի։ Նրա պնդմամբ` չի կարող այսպես լինել, որ հայի կյանքի հաշվին իշխանության ներկայացուցիչներն իրենց տաքուկ սենյակներում որոշումներ կայացնեն։ Սրբազանը հիշեցրեց` դեռ 4 տարի առաջ է այս մասին ասել, երբ անկալվների մասին էր խոսվում։

«Սփյուռքն ինչ անում է, ողջունում ենք։ Մեր եղբայրներին ու քույրերին էլ եմ ողջունում։ Ի դեպ ասեմ` 2 տարի բնակվել եմ Անգլիայում, 10 Կանադայում ու պարզվում է, որ այդ ժամանակ էլ եմ ռուսական ագենտ եղել։ Կրեմլից ֆինանսավորվել եմ, մեկ–մեկ էլ Անգլիական պալատն է ֆինանսավորել, որովհետև Եղիսաբեթ երկրորդի շքանշան էլ են տվել։ Սա ասում եմ նրանց համար, ովքեր փող են ստանում հայրենիք կործանելու համար»,– ծիծաղելով ու ժպիտով ասաց Տավուշի թեմի առաջնորդը` անդրադառնալով նաև «Կրեմլի ագենտ» լինելու մեղադրանքներին։

Նշենք, որ Տավուշում սահմազատման աշխատանքներ սկսելուց հետո «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ բողոքի և իրազեկման ակցիաներ է իրականացնում, իսկ իշխանական թևը մեղադրանքներ է հնչեցնում եկեղեցու հասցեին։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ