Последние новости

Սա հաղթական ճանապարհի սկիզբն է. Բագրատ սրբազանը հանդիպեց ԵՊՀ ուսանողներին

Երևանի պետական համալսարանի ուսանողները բողոքի ակցիա են անում` ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։

Ավելի վաղ հայտնել էինք, որ շարժման ղեկավարներից մեկը` Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, հայտարարել էր ողջ հանրապետությունում անհնազանդության ակցիաներ իրականացնելու, դասադուլ սկսելու մասին։

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանը նշեց, որիրենք ինքնաբուխ ակցիա են սկսել։

«Մենք բարձրացնում ենք մեր ձայնը, որ այս իշխանությունները մեզ դեպի անդունդն են տանում, և այն, ինչ կատարվում է երկրում` անընդունելի է։ Մեր ակցիան մեկնարկել ենք «Երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար» երգով, քանի որ կարծում ենք` պետք է խենթ լինենք, որ այս իրավիճակից դուրս գանք։ Կարծում եմ` ԵՊՀ–ում գրեթե դասապրոցես չի ընթանում, որովհետև ուսանողները կա՛մ հայտարարել են դասադուլ ու չեն եկել, կա՛մ այստեղ են»,– նշեց Աբաջյանը։

Նշենք, որ ուսանողներին միացել են նաև ԵՊՀ–ի մոտ գտնվող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներն ու մյուս անդամները։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շնորհակալություն հայտնեց ուսանողներին, որ գիտակցում են, թե երկրում ինչ իրավիճակ է ու պայքարում են։

«Մայիսի 9-ին տեղի ունեցած ակցիան շարժման սկիզբն է, որը պետք է հանգեցնի հաղթանակի։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և նրա կողմնակիցների պայքարն ուղղված է ոչ միայն երկրի տարածքների պաշտպանությանը, այլև ճշմարտության պաշտպանությանը։ Սա հաղթական ճանապարհի սկիզբն է»,– ասաց սրբազանը։

Ներկա պահին շարժման անդամները Պոլիտեխնիկական ազգային համալսարանի մոտ են։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ