Последние новости

2020-ից հետո Արցախից տեղահանված անձինք «40+10 000» ծրագրից դեռ չեն օգտվել. ո՞րն է խնդիրը

2020 թվականի 44–օրյա պատերազմի ժամանակ Արցախից տեղահանված և Արցախ չվերադարձած շուրջ 6000 անձ, որոնք 2024–ի մարտին ՀՀ կառավարության որոշմամբ ներառվել էին «40+10 000» ծրագրում, դեռ աջակցության ծրագրից չեն օգտվել. նրանց դիմումներն ամբողջացման փուլում են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Նշենք, որ մարտին ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված «40+10 000» ծրագիրը երկարաձգվեց ևս 9 մասով (մինչև 2024 թ. դեկտեմբերը ներառյալ)։

«ԱՍՀՆ «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնում դիմումների պատկերն ամբողջացման փուլում է, առաջիկայում կառանձնացվեն դիմումները՝ ըստ պոտենցիալ շահառուների տեղահանման տարեթվերի»,–հայտնում են նախարարությունից։

Սակայն Sputnik Արմենիային հասած տեղեկությունների համաձայն` 2020 թվականին Արցախից ՀՀ տեղահանված տասնյակ քաղաքացիների դիմումները («40+10 000» ծրագրից օգտվելու համար,–խմբ.) մերժվում են։

Ծրագրում անձնական տվյալները լրացնելուց հետո բացված պատուհանում գրվում է` «Տեղի է ունեցել սխալ» կամ «Տվյալներն առկա չեն 100 000 դրամ միանվագ աջակցության միջոցառման շահառուների կամ Օպերատիվ շտաբի տրամադրած ցուցակներում»։ Չնայած նրան, որ Միասնական սոցիալական ծառայությունից մարդկանց հորդորում են խուճապի չմատնվել և որոշ ժամանակ հետո կրկին փորձել, համակարգը միևնույն է` մերժում է դիմումը։

Այս կապակցությամբ սոցապնախարարությունից պարզաբանում են, որ իրենք հիմք են ընդունում, թե տվյալ քաղաքացիների անունները Արցախի օպերատիվ շտաբի կողմից իրենց տրամադրած ցուցակներում առկա են, թե ոչ։ Այսինքն, եթե անձի տվյալները նախարարությունում չկան, դիմումը մերժվում է։

Հարցին, թե ինչ անի քաղաքացին, եթե Արցախի օպերատիվ շտաբում իր տվյալները չկան, բայց ինքը շահառու է, նախարարությունից պատասխանում են, որ այս պահին նախարարությունը քննարկում է նման դեպքերում խնդրի լուծման այլընտրանքային տարբերակ։

Ինչ վերաբերում է «40+10 000» ծրագրի շահառու հանդիսացող անձանց այն դժգոհություններին, թե ամիսներով սպասում են, որ գումարն իրենց հաշվին նստի, նախարարությունից ցուցակ են տրամադրել։

Ըստ այդ տեղեկության` ծրագրից օգտված արցախցիների թիվը հետևյալն է.

2023թ–ին`

- Հոկտեմբեր– 111 367

- Նոյեմբեր– 99 846

- Դեկտեմբեր– 99 625

2024թ–ին`

- Հունվար– 99 827

- Փետրվար– 97 942

- Մարտ– 97 231։

Ապրիլ և մայիս ամիսների տվյալները դեռ առկա չեն։

Հիշեցնենք, որ ծրագրին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են ապրիլի 15–ից սկսած։

Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ