Последние новости

Ապօրինի քայլեր են ձեռնարկվել. Գերագույն հոգևոր խորհուրդը` ԱԺ-ի մոտ բախումների մասին

Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ խստորեն դատապարտել են Երևանում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ձեռնարկված քայլերը։ Նրանք հայտարարություն են տարածել` նշելով, որ փորձ է արվում լռեցնել հանրության շրջանում իշխանությունների նկատմամբ ձևավորված արդարացի դժգոհությունները, որոնք դրսևորվում են բողոքի և անհնազանդության խաղաղ գործողությունների միջոցով։

«Խստիվ դատապարտում ենք հունիսի 12-ին Երևանում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ձեռնարկված ակնհայտ ապօրինի քայլերը և գործադրված միջոցները, ինչի հետևանքով ցուցարարների և ոստիկանների շրջանում կան բազմաթիվ տուժածներ, այդ թվում՝ մարմնական ծանր վնասվածքներով»,- նշված է հայտարարության մեջ։

Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու մերժելի դրսևորումներից։Հոգևորականները դիմել են նաև ցուցարարներին՝ գործել ամենայն զգոնությամբ և օրինահարգությամբ։

Խորհուրդը դատապարտում է նաև, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն ու նրանց աջակիցները հետևողականորեն լծվել են հանրահավաքների կազմակերպման պատասխանատվությունը եկեղեցուն վերագրելու գործին՝ փորձելով արդարացնել հակաեկեղեցական իրենց կեցվածքը։

«Բոլոր ժամանակներում հայրենի իշխանությունների կոչումն ու առաքելությունն է ներհասարակական համերաշխության պահպանումը և համազգային միաբանության ձևավորումը, ինչը կենսականորեն անհրաժեշտ է հատկապես մերօրյա պայմաններում»,- շեշտվում է հայտարարության մեջ։

Հոգևորականները հավելել են՝ իշխանությունն ինքնին որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի համար չպետք է լինի սոսկ ձգտում, այլ առաջին հերթին՝ միջոց ժողովրդին և հայրենիքին խոհեմ, շրջահայաց ու անձնուրաց ծառայության և խաղաղ ու ապահով կյանքի կերտման։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ