Последние новости

Ակցիայի 12 մասնակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 8-ը կալանավորվել են

Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ զանգվածային անկարգություններ, խուլիգանություն կատարելու համար 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 8–ը կալանավորվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 12-ին ԱԺ–ի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց, ինչի հետևանքով 101 անձ վնասվածք ստացավ, այդ թվում` ոստիկաններ։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դատարան ներկայացված միջնորդությունների քննության արդյունքում 8 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը, իսկ մեկ անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։

Նշվում է, որ ՀՀ ոստիկանությանը հանձնարարություն է տրվել ևս 1 անձի` խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեղադրանքով ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։

ՔԿ–ն նաև մանրամասներ է ներկայացնում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններից` նշելով, որ մի խումբ մասնակիցներ, չենթարկվելով տեղում հասարակական կարգի պահպանությունն ու շրջակա հատուկ պահպանության ենթակա օբյեկտների անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողների օրինական կարգադրություններին, խմբով ճնշում են գործադրել ոստիկանների նկատմամբ ու շշեր, տարբեր առարկաներ նետել ոստիկանական շարքերի ուղղությամբ:

«Հետագա նման գործողությունները կանխելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից, նախապես զգուշացվելուց հետո, կիրառվել էին հատուկ միջոցներ։ Սակայն հավաքի մի խումբ մասնակիցներ, կրկին չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջներին, միմյանց գործողությունները փոխլրացնելով, հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, կատարել էին խուլիգանություն»,– նշված է հաղորդագրության մեջ:

Կատարվել են դեպքի վայրի զննություններ, որի արդյունքում Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկից հայտնաբերվել և վերցվել են բազմաթիվ տարբեր չափերի քարի կտորներ, կոտրված ապակյա տարաներ, սուր ծայրով փայտե ձող, քննության համար նշանակություն ունեցող այլ իրեր ու առարկաներ։

ՔԿ–ից տեղեկացնում են նաև, որ հայտնաբերվել են «Սիրահարների այգու» տարածքը Բաղրամյան փողոցի մայթից տարանջատող տեղահանված բազրիքը, դրա կոտրված ու վնասված հատվածներ, պարուրաձև մետաղական առարկաների մասեր, կոտրված լուսամփոփի հատվածներ, արնանման հետքեր:

Բացի այդ, կոմիտեն համացանցից ստացել և զննել է մի շարք տեսաձայնագրություններ։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ